Ջեբրայիլում նահատակված Արմանի մայրը երազին տեսել էր, որ պատերազմ է սկսվելու (Ֆոտոշարք)


19:38 , 28 ապրիլ, 2016

Aravot.am-ը գրում է.

19-ամյա սերժանտ Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղից է. 5-ի եղբայրներից ամենակրտսերը: Մոր՝ Լիլիֆար Անդրեասյանի բնութագրմամբ, Արմանը իր հինգ զավակներից ամենաաշխույժն էր, ամենաթասիբովը: «Գյուղում որ մի գործ լիներ, Արմանը էնքան թասիբով էր, վազում էր գործը աներ, դե վերջը գյուղ է, գումար է, Արմանս էլ շատ էր սիրում աշխատել: Մենք էլ մեծ տուն, դժվար է գյուղում ապրելը»,- ասում է մայրը: Տիկին Լիլիֆարի պատմելով, բանակ տանելու ժամանակ, երբ Արմանը բուժզննում է անցել, առողջական ինչ-որ խնդիրներ են նկատել, մորը մինչեւ օրս էլ անհայտ է մնացել, թե ի՞նչ խնդիր ուներ իր որդին,որ նրան հիվանդանոց ուղարկեցին կրկնակի ստուգման ու հարցրեցին ՝ ծխո՞ւմ ես: Տղան էլ պատասխանել է՝ ոչ, չեմ ծխում:

Հորեղբոր կինն էլ՝ Ֆաթիմա Անդրեասյանը, որը Արմանի մասին խոսելով, լաց էր լինում, ասաց, որ տղան ամեն ինչ անում էր բանակ գնալու համար: «Մի տարի 3 ամիս ծառայեց, մի օր չեղավ, որ դժգոհեր, հետո իմացանք, որ մեծ շրջապատ էր ձեռք բերել այնտեղ: Մի օր էլ արձակուրդ էր եկել, սեղան գցեցինք, այսինք՝ Արման ջան, արի հաց կեր, վիրավորվեց, թե ձեզ թվո՞ւմ է բանակում հաց չեն տալիս, հա՞, դուք եկեք էնտեղ, ես ձեզ կհյուրասիրեմ, տեսեք թե ո՞նց ենք ապրում»:

Մայրն ասում է, որ Արմանի ուշքումիտքը կրթվելն էր, գումար չեն ունեցել, որ նրան սովորելու ուղարկեն: Նա սիրած աղջիկ էլ ուներ, այս մասին կիսվել է եղբոր կնոջ հետ: Արմանը նահատակվել է Ջեբրայլիում, մայրը պատմում է, որ մարտի վերջերին մի քանի օր անընդմեջ երազ է տեսել. խառը, պատերազմական իրավիճակ է եղել ու միշտ փորձել է իրենց տան պատուհանը բացել, որ դուրս թռնի այնտեղից, սակայն պատուհանը պինդ փակված է եղել:

«Տղաս Ջեբրայլիում առաջնագծում էր, միշտ էլ անհանգիստ էի, բայց էդ մի քանի օրերին մղձավանջի մեջ էի ընկնում, մի անգամ տնեցիներին պատմեցի, ասի շատ վատ բան է լինելու, երեւի պատերազմ սկսվի: Նեղացան, թե էլ չխոսես, ստիպված էլ չպատմեցի, թեեւ խառը երազները հանգիստ չէին տալիս ինձ»,- ասում է Լիլիֆար Անդրեասյանը: Արմանի ընտանիքը բնակվում է սոցիալապես անապահով պայմաններում, հայրը մեկնել էր ՌԴ արտագնա աշխատանքի, վերադարձել է՝ որդու զոհվելու լուրը լսելով:

Մոր ասելով, մեծ եղբայրը, որը երեք զավակ ունի ու պարտքեր, նույնպես մեկնել էր արտագնա աշխատանքի, սակայն նրան դեպորտ էին խփել, երեք տարի չի կարողացել գնալ ՌԴ, Արմանի մտածմունքը եղել է բանակից վերադառնալով՝ օգնել եղբորը, որ ոտքի կանգնի: Մայրն ասում է, որ Արմանը, լավ իմանալով ընտանիքի ապրելակերպը, միշտ զանգահարել ու ասել է. «Գումար չուղարկես, իմ մոտի եղածը ինձ հերիք է»: Նա որդու մասին խոսում է մեծ հպարտությամբ՝ կարծես չհավատալով, որ նա չկա: Մայրը հերթով ցույց է տալիս որդու իրերը, ծանրաձողը, որով մարզվել է, նշում, որ համակարգիչն էլ նրանն է, արտակարգ տիրապետում էր համակարգչին: