Իհարկե լավ, գրագետ, պրոֆեսիոնալ լրագրողներ ունենք, սակայն ցավոք նրանք քիչ են


11:16 , 26 ապրիլ, 2016
Իհարկե լավ, գրագետ, պրոֆեսիոնալ լրագրողներ ունենք, սակայն ցավոք դրանք քիչ են: Լրագրողներից շատերին ճանաչում եմ նախկին աշխատանքի բերումով, իրավիճակային, անձնական և համացանցային շփումներով, սակայն ցավով պետք է փաստեմ նրանցից շատ-շատերի ցածր մասնագիտական, կրթական, ընդհանուր պատրաստվածության մակարդակը: Շատացել են նկարահանող սարքերով և բեյջերով զինված, ինկուբատորային արտադրության, միտինգա-երթային <<լրագրողները>>…
Հասկանում եմ, լրատվամիջոցները և բնականաբար իրենց լրագրողների մեծ մասը ոչ միայն դեղին են, այլ նույնիսկ գույն չունեն՝ անգույն են, անդեմ, <<մայրուղային>>, բամբասանքային մակարդակի, խիստ քաղաքականացված, գերկողմնորոշված, թիրախային, ինտրիգային ու հրահրող: Մինչդեռ ժամանակն է, որպեսզի օրինակ վերցնեն արևմտյան, առաջատար, զարգացած երկրների լրագրողներից, որոնք երբեք միջադեպերին, զանգվածային, կոնֆլիկտային միջոցառումներին չեն խցկվում հասարակական կարգը պահպանողների և ցուցարարների արանքը ու իրենց պահում կողմնակալ՝ ցուցարարի կամ ակտիվիստի նման: Նրանք կողքից դիտում են և փորձում ստեղծված իրավիճակը ներկայացնել, վերլուծել օբյեկտիվ՝ անկողմնակալ, անշահագրգիռ, այնպիսին ինչպիսին կա: Առանց իրենց գործատուի, քաղաքական հովանավորի կամ խմբագրի պրիզմայով նայելու և ակնհայտ կանխակալ կարծիքն ու շահագրգռվածությունը ցուցադրելու կամ ուրիշների վզին փաթաթելու…
Եթե բժիշկը խախտում է է Հիպոկրատի երդումը, նա բժիշկ չէ, նա ղասաբ է՝ նույնիսկ հեքիմ էլ չէ…Եթե իրավապահը խախտում է օրենքը նա այդ համակարգը և օրինականությունն է վարկաբեկում…
Լրագրողը նույնպես ընդամենը պետք է իրավիճակը կամ երևույթն անկողմնակալ լուսաբանի, եզրակացությունը թողնելով դիտողի, ընթերցողի ընկալմանը...
Ես չեմ հասկանում անընդհատ Թոխմախի Մհերին, Շմայսին, մյուսներին հետապնդող, հրահրող ու հետևից վազվզող, չգիտես ինչ-ինչ նպատակներ ունեցող, ինչեր ակնկալող <<լրագրողներին>>: Առավել ևս չեմ հասկանում Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, սգացող պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, պատգամավորներին օրվա խորհրդից դուրս ոչ տեղին կամ հրահրող հարցախեղդ անող լրագրողներին, նրանց <<նվաճողական արշավանքների>> մասնակիցներին…
Լավ, զուսպ ասեմ…Դա ուղղակի նրանց ոչ պրոֆեսիոնալ և մասնագիտական ցածր ունակությունների, սահմանափակ և մակերեսային մակարդակի մասին է վկայում…
Չնայած նրանք նաև շատ դեպքերում մեղք չունեն՝ ցավոք <<շուկան է>> այդպիսին և իհարկե ակնհայտ է, որ նրանք իրենց վրա բացարձակապես չեն աշխատում…
Իսկ ոստիկանությունն իրոք բարեփոխվել է՝ ուզեք, թե չուզեք, ուզենաք նկատել դա, թե ոչ…