Հաշվետության ժամը


14:57 , 9 ապրիլ, 2016

• Իմ ընկեր Varuzhanը երեկ անդրադարձել էր պատերազմի ընթացքում որոշ գիտաուսումնական և պետական ատյանների հաջողություններին ու բացթողումներին՝ վերջում խորհուրդ տալով, որ «Քանի չենք մոռացել էս օրերին տեսած մեր բացերն ու բաղթողումները, ապա դրանք անմիջապես պետք է գրի առնվեն առաջին հերթին մեր օրագրերում, որպեսզի աշխատենք դրանք վերացնելու ուղղությամբ։ … Սա է միակ ձևը զարգացման»։
• Առանձին մարդկանց, գերազանցապես ռազմական և քաղաքական բարձր պատասխանատուների դեպքում բացթողումների ֆիքսումը պետք է ունենա ոչ միայն Վարուժի նշած «օրագրային» բնույթը, այլև հաշվետվության տեսք՝ առնվազն ներգերատեսչական մակարդակի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ժողովրդի առաջ։
• Ես ինքս, բնականաբար, այդ կատեգորիայի անձանց մեջ չեմ մտնում, բայց որպես նմուշ այլոց համար՝ կարող եմ ի ցույց դնել իմ կատարած բացթողումները։
■ Այսպես, դեռ տարեսկզբին ես կանխատեսել էի, որ «մերձավորարևելյան զարգացումների հետևանքները Հայաստանի համար աստիճանաբար ավելի զգալի են դառնալու»՝ դա, սակայն, առաջին հերթին կապելով թուրքական ու իրանական զարգացումների և նավթի գնի անկման հետ՝ գլխի չընկնելով, որ մերձավորարևելյան պատերազմական իրականությունն ուղղակիորեն կարող է տեղափոխվել Հայաստան;
■ միևնույն ժամանակ զգուշացրել էի, որ չնայած այն բանին, որ «կոնֆլիկտով բռնված տարածաշրջանների հարևանությամբ գտնվելով՝ … Հայաստանն ապահովել է անվտանգության առավելագույն հնարավոր մակարդակ», սակայն «աշխարհաքաղաքական անկայուն վիճակը և միմյանց հաջորդող զարգացումները ստիպում են նաև հայաստանյան գիտավերլուծական շրջանակներին՝ տարատեսակ սցենարների իրագործման համար մշակել գործողությունների հավանական ծրագիր»։
■ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաճակատային քաղաքականությանը, ապա կանխատեսել էի, որ «իշխանությունները կձգտեն ամեն կերպ «ձգել ամրագոտիները», նվազեցնել պետական, այդ թվում՝ ռազմական ծախսերը, մեծացնել նավթի արդյունահանման տեմպերն ու ծավալները և փորձել ամբոխահաճո միջոցներով ստեղծել կայունության իմիտացիա։ … Այս սցենարի դեպքում առավել հավանական է, որ միջազգային դիվանագիտական հետնաբեմերում իր ձայնը լսելի պահելու համար Ադրբեջանը կարող է շարունակել սահմանային լարվածությունների պահպանման և ըստ այնմ՝ խաղաղությունը «թանկ վաճառելու» քաղաքականությունը»։
■ Սա նույնպես թերի կանխատեսում էր, որովհետև ես պատկերացնում էի 2014-2015 թթ․ իրավիճակի պես մի բան, իսկ առավելագույն սրացման մասին (որը տեղի ունեցավ 1 շաբաթ առաջ) ենթադրում էի, որ «… որքան էլ [Ադրբեջանի] տնտեսությունը կաթվածահար անի հասարակական և պետական կյանքը, այնուամենայնիվ, երկրի ռեսուրսները դեռ սպառված չեն, իսկ իշխանություններն էլ այս տարիների ընթացքում կուտակել են թե՛ ճգնաժամերի դեմ պայքարելու համապատասխան կառավարչական փորձ, և թե՛ զինված ուժեր ու սպառազինություն, որոնք ծայրահեղ կարիքի դեպքում, երբ սպառվեն իշխանությունը պահելու բոլոր միջոցները, կարող են ուղղվել մեր դեմ՝ … թեպետ այս հեռանկարը դեռևս գործնականացման շատ քիչ հնարավորություն ունի»։
■ Փաստորեն, այս հեռանկարը գործնականացման հնարավորություն ուներ, ինչը ես չէի կանխատեսել։

Հղումներ՝
- http://www.hhpress.am/index.php…


- http://www.hhpress.am/index.php…

Ես ինձ համար հետևություններ արել եմ, հուսամ՝ բոլոր պատասխանատուները կանեն։