Կամավոր հավաքագրման մասին


16:27 , 3 ապրիլ, 2016
Ինչպես ասացի նախորդ գրառմանս մեջ, և ինչպես արդեն շատերդ երևի գիտեք, ներկայումս Հայաստանում ընթանում է նաև կամավոր զինվորագրություն, հիմնականում՝ առաջին պատերազմի մասնակից վետերանների, այդ թվում՝ ԵԿՄ անդամների։ Երևույթն ընդգրկում է Հայաստանի տարբեր շրջաններ, չի սահմանափակվում միայն Երևանով։ Առավել զանգվածային շարժում կա, իհարկե, Ստեփանակերտում և Մարտակերտում։
Իմ խորին հարգանքն եմ հայտնում այդ մարդկանց․ կամավոր պատերազմի դաշտ մեկնելը իմ անձնական աշխարհայացքի համաձայն՝ մարդ արարածի բարոյական նվիրումի բարձրակետն է՝ հանդեպ ընդհանուր գործն ու գաղափարը։ Հատուկ ցանկանում եմ շեշտել նաև, որ ինչպես 2014 թ․ օգոստոսին, 2015 թ․ սեպտեմբերին, այնպես էլ այսօր կամավորականների մեկնումը ռազմաճակատ գերազանցապես ունի աջակցության նպատակ։ Ծավալների մեծությունը թող ձեզ չշփոթեցնի, որ «մնացել ենք կամավորների հույսին»։ Հայկական տիրույթում այդպիսի մեկնաբանություններ դեռ չեմ տեսել, իսկ այ ադրբեջանցիների մոտ տեսել եմ ցնծալից մեկնաբանություններ, որ «հա բա բանակ չունեն նորմալ հայերը, դրա համար էլ քաղաքացիականներին են զոռով (!) տանում»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինձ համար այս պահին ոչ ամբողջությամբ հասկանալի պատճառներով՝ կամավորականների զինվորագրումը արգելված է և զրոյական մակարդակում է։ Քաղաքացիներից մեկին զինկոմիսարիատում ասել էին՝ «մենք էդքան ուժ չունենք՝ քեզ զենք տանք, ֆռոնտ ուղարկենք», ինչին ի պատասխան քաղաքացին հայտնել էր, որ կարող է սեփական զենքով մեկնել, որը նույնպես արգելվել էր։