Մոսկվայի համբերության բաժակը լցվել է, Թբիլիսին թիրախի տակ է


02:50 , 17 մարտ, 2016

ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գ.Կարասինը Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զ.Աբաշիձեի հետ հանդիպման մանրամասները լրագրողների հետ քննարկելու ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ընդգծելով, որ իրենք բացասական են վերաբերում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արհեստականորեն հակառուսական քարոզ տանելու հանգամանքին: Ընդ որում, Կարասինի խոսքով՝ առավել անհասկանալի է վրացի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մարգվելաշվիլիի մոտեցումները ՌԴ-ի հետ կապված:

Ռուս պաշտոնյան անընդունելի է համարել հատկապես վրաց-ռուսական հարաբերությունների վերականգնման ֆոնին միջազգային հարթակներում հակառուսական ակտիվ քաղաքականություն վարելը: Կարասինը հատկապես առանձնացրել է Վրաստանի պաշտպանության նախարարի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչն, առ այն, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի ռուսական ագրեսիայի դեմ: Ապա ՌԴ ներկայացուցիչը ասել է, որ նորմալ հասարակության համար նման հայտարարությունները դատապարտելի են, ուղղակի ռուսական կողմը դեռևս համբերատար է, ինչը, սակայն, Կարասինի պնդմամբ, չի նշանակում, որ Մոսկվայի համբերությունն անսահման է՝ հավելելով, որ վրացական կողմը պետք է ընտրի՝ ցանկանում է հարաբերությունները բարելավե՞լ, թե՞ վերադառնալ կոնֆրոնտացիոն իրավիճակին:

Հ.Գ. Փաստորեն Մոսկվան բաց տեքստով ակնարկում է Թբիլիսիին, որ հանդուրժելու փոխարեն այժմ Ռուսաստանը կարող է համապատասխան քայլերի դիմել:
Միևնույն ժամանակ հասկանալի է ռուսների վրդովմունքը. փաստ է, որ մոտ ամիսներին Վրաստանի քաղաքացիներն ազատ մուտքի թույլտվություն կստանա ԵՄ երկրներ (առանց վիզայի ռեժիմ), մյուս կողմից` Թբիլիսին գազի հարցում որոշում կայացրեց ի օգուտ Ադրբեջանի: