Նախագահի՝ ՊՆ-ում հնչեցրած խոսքը. «Արցախի ապահովությունը մեզ համար հեղինակության հարց չէ, այլ` կյանքի և մահվան հարց»


15:39 , 15 հունվար, 2013

Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանն աշխարհում ունի և՛ դաշնակիցներ, և՛ գործընկերներ, և՛ բարեկամներ: Նրանք շատ թանկ են մեզ համար, բայց մենք մեր հույսը առաջին հերթին դնում ենք մեզ վրա: Ոչ մի օտար պարտավոր չէ լինել ավելի հայ, քան մենք ենք: Այստեղից հետևություն՝ խաղաղության պահպանումը տարածաշրջանում առաջին հերթին մե՛ր պարտականությունն է և մե՛ր ձեռքբերումն է: Մենք այդ գործը մինչև հիմա արել ենք պատվով և, համոզված եմ, նույն ոգով էլ շարունակելու ենք:

Արցախի ապահովությունը մեզ համար հեղինակության հարց չէ, այլ՝ կյանքի և մահվան հարց՝ ամենաուղղակի իմաստով: Ամբողջ աշխարհը պետք է իմանա և գիտակցի, որ մենք՝ Հայաստանի և Արցախի ուժային կառույցները, կանգնած ենք մարդասպաններին աշխատավարձ վճարող բանակի դեմ, եթե ընդհանրապես նման խմբավորումն իրավունք ունի բանակ կոչվելու:

Մենք չենք անում ամբոխահաճ որևէ քայլ էժան միավորներ վաստակելու համար: Մենք պաշտպանում ենք մեր տանը ազատ ու հանգիստ ապրելու մեր իրավունքը: Անվերադարձ անցել են այն ժամանակները, երբ հայ ժողովուրդը ստիպված էր բարբարոսներից պաշտպանվել ինչով կարող էր: Այսօր, որպես կազմակերպված պետություն, մենք պաշպանվում ենք կարգապահ ու մարտունակ զորքով, ինչպես նաև արդիական սպառազինությամբ: