Հավաքենք նրանց, ովքեր հասկանում են ֆուտբոլից ու մեր ֆուտբոլը հանենք այս ճգնաժամից


22:55 , 3 մարտ, 2016
Մանկապատանեկան ֆուտբոլում տարիքային տարբերությունը՝ թեկուզ մեկ տարին, հսկայական նշանակություն ունի: Վստահեցնում եմ: Ասելիքս այն է, որ այն աստիճանի թույլ մանկապատանեկան ֆուտբոլ ունենք, որ մեր Մ19 հավաքականը խոշոր հաշվով, այն էլ երկու անգամ, պարտվել է Վրաստանի Մ17 տարեկանների հավաքականին: Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուների վստահեցմամբ, մեծ ուշադրություն է դարձվում մանկապատանեկան ֆուտբոլին: Եզրակացությունը երկուսն է...կամ չունենք ուժեղ ֆուտբոլիստներ, կամ մարզչական գործունեություն ծավալող մասնագետները չունեն համապատասխան մակարդակը: Բայց այսքանի մեջ ամենամեծ զավեշտն այն է, որ վերը նշված երկու հավաքականների միջեւ կայացած առաջին խաղից հետո ՀՖՖ կայքում՝ իբրեւ արդարացում, գրել են, թե ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ԱՍՊԱՐԵԶ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ 1999թ.- ԾՆՎԱԾՆԵՐԸ! Դա արդարացում չէ, քանի որ Վրաստանի հավաքականում նույնպես խաղում են 1999թ.-ի ծնվածները, ովքեր, հիշեցնեմ կրկին, երկու խաղերում էլ խոշոր հաշիվներով հաղթել են մեր Մ19 տարեկանների հավակաքանին! Ասել կուզե՝ այն հավաքականին, որի ֆուտբոլիստները երեք տարի անց արդեն լինելու են Ազգային հավաքականում, ըստ տրամաբանության: Չնայած՝ մեր ֆուտբոլում հասարակ տրամաբանությունը վաղուց չի գործում: Ֆուտբոլի ֆեդերացիայի հարգելի գործընկերներ, ահռելի ծավալի աշխատանք ունեք տանելու! Եւ, եթե կան քննադատություններ, ապա վստահ եղեք, որ տեղին են: Գոնե այս երկրում մեկ անգամ համախմբվենք, հավաքենք նրանց, ովքեր հասկանում են ֆուտբոլից ու մտահոգված են, եւ մեր ֆուտբոլը հանենք այս ճգնաժամից! Սա քաղաքականություն չէ եւ մենք էլ տարբեր կուսակցություններ չե՛նք!