Վայնասունն անիմաստ է կամ պատվիրված


18:45 , 10 հունվար, 2013
Քաղաքական մեկնաբան

Փաստորեն, մեր երկրում տեսակետ, դիրքորոշում հայտնելը վտանգավոր բան է. անպայման պետք է փորձեն տակը ինչ-որ բան պեղել-գտնել։ Միանգամայն նորմալ և ընդունելի եմ համարում, որ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչը կարող է համաձայն չլինել նույն քաղաքական ուժի կատարած որոշ քայլերի հետ և հստակ արտահայտել իր անհամաձայնությունը։ Մեզ մոտ, սակայն, միանգամից դիագնոզը դնում են` եթե ընդդիմադիր է, ուրեմն հաստատ կա՛մ իշխանությունների հետ խաղեր է տալիս, կա՛մ էլ արդեն տվել-ծախվել է, կա՛մ լքում է տվյալ քաղաքական ուժը, կա՛մ էլ նույն ուժի ներսում իշխանության է ձգտում։ Ստացվում է, որ քաղաքական ուժի մեջ բոլորը պետք է ունենան ստրուկի հոգեբանություն և անվերապահորեն ընդունեն ղեկավարների որոշումներն ու երկրպագե՞ն դրանց՝ մոռանալով սեփական տեսակետ ունենալու մասին և անկախ նրանից, թե ճիշտ են այդ որոշումները, թե սխալ։ Տվյալ դեպքում խոսքս Նիկոլ Փաշինյանի դեմ բարձրացված վայնասունի մասին է, ինչ է թե մարդը հստակ ձևակերպել է իր անհամաձայնությունները ՀԱԿ-ի որոշ գործողությունների հետ կապված, մանավանդ որ իր վերջին 3 հոդվածներում Փաշինյանն, ըստ ինձ, այդ բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան՝ հստակ հիմնավորելով, թե ինչին է ինքը դեմ և ինչու է դեմ։ Կարծում եմ՝ վայնասունը, որն արտահայտվում է հենց ընդդիմադիր դաշտում, կա՛մ անիմաստ է, կա՛մ էլ միգուցե լավ էլ մտածված ու կազմակերպված։
Վերջում նշեմ, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ իմ համակրելի քաղաքական գործիչը չէ, և բնավ ցանկություն չունեմ նրան պաշտպանելու, նամանավանդ որ ինքը, կարծում եմ, պաշտպանության կարիք չունի (ինքը իրեն լավ էլ պաշտպանում է)։ Պարզապես օբյեկտիվորեն նրա վրա տեղի ունեցող այս «հարձակումը» համարում եմ սխալ։