Ո՞ր հայտնի դերասանուհին ու երգիչն են խաղալու «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանում


14:00 , 9 փետրվար, 2016

Մարտի 14-ից կմեկնարկի «Ֆուլ հաուս» սիթքոմի չորրորդ եթերաշրջանը, որը, նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի բնորոշմամբ, շատ հետաքրքիր է լինելու։ Պրոդյուսերը նոր եթերաշրջանի բացառիկ մանրամասերը վստահել է BlogNews-ին։

Եվ այսպես, սիթքոմում կավելանան նոր կերպարներ։ Այս անգամ ստեղծագործական կազմը նախապատվությունը տվել է հանրությանն արդեն հայտնի մարդկանց։ Նոր հերոսներին՝ Տաթևի քույրիկին ու նրա ընկերոջը կմարմնավորեն երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանն ու երգիչ Գևորգ Մարտիրոսյանը։

«Առայժմ չեմ կարող ասել՝ նրանց կերպարները 1 սեզո՞ն կմնան, թե՞ ավելի երկար, քանի որ դա կախված է դերի զարգացումներից, հեռուստադիտողների արձագանքներից։ Ոչ մի անգամ չենք պլանավորում, որ դերասանը գալու է 1 սեզոնով։ Շատ դեպքերում մեզ համար առավել հեաքրքիր կլինի, որ կերպարային գծերը շարունակվեն»,- նշեց պրոդյուսերը։

Ի դեպ, խոսակցությունները, թե Արփի Գաբրիելյանը չի նկարահանվելու նոր եթերաշրջանում, չեն համապատասխանում իրականությանը: Արփին շարունակելու է կերտել Լիկայի կերպարը:

Արմենը շեշտեց, որ այս սեզոնին շատ զարգացումներ են լինելու։ «Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց այս սեզոնի կոնֆլիկտն արդեն չի լինելու տունը կիսելու շուրջ։ Ի սկզբանե կլինեն այլ զարգացումներ։ Մի քանի կերպարների միջև կակտիվանան սիրային հարաբերություններ։ Սիրային պատմությունը լինելու է թաքուն,- ասաց Մենչը, սակայն չցանկացավ բարձրաձայնել, թե խոսքը որ կերպարների մասին է։ - Ինձ թվում է՝ շատ հետատքրքիր եթերաշրջան է սպասվում։ Կարդալով առաջին մի քանի սերիանները, այդ եզրակացությանն ենք եկել»։

Պրոդյուսերը նկատեց, որ այս սեզոնի ամենակարևոր զարգացումն այն է, որ Տամարան արդեն բավականին կայացած և հարուստ կին է, որովհետև նախորդ եթերաշրջանի վերջում իր պապիկից բավականին մեծ ժառանգություն է ստացել։

Նախորդ եթերաշրջանի վերջում Տամարան տեղափոխվեց իր տուն, որտեղ կբնակվի այս եթերաշրջանում, մյուս հերոսները մնալու են նույն տանը, նրանց կմիանա Մարինկայի կերպարը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի