22:16 , 8 փետրվար, 2016
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե իշխանությունները «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ համագործակցում են, քանի որ Դաշնակցությունն այլևս ունակ չէ խորհրդարանական առաջիկա ընտրություններում միայնակ հաղթահարել նվազագույն 5 տոկոսի շեմը:
Իսկ նրանք, ովքեր այդպես են կարծում, ըստ Գալուստ Սահակյանի, կամեցող չեն:
«Կարծում եմ, որ Դաշնակցությունը կուսակցություն է, նա էլ չուզողներ ունի: Եթե ուժեր կան, որոնք ասում են, որ Դաշնակցությունը չի հաղթահարի, հենց իրենք կարող է չհաղթահարեն:
Դաշնակցությունը միշտ իր ընտրազանգվածն ունի ու կհաղթահարի այնքանով, որքանով այդ ընտրազանգվածը կպահպանի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե շատերը համարում են, որ իշխանությունների հետ պարբերաբար համագործակցելով ՀՅԴ-ն հեղինակազրկվում է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Եթե մտածում ենք սևի սպիտակի մասին է ամեն ինչ, կարելի է այդպես մտածել, բայց երբ մտածում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատասխանատվություն վերցնի, ոչ թե փողոցներով, կայքերով եղած-չեղածն ավերակի վերածի, ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որը կառուցողական է, պայքարում է՝ իր ստեղծված օրվանից մինչև հիմա»: