Ո՞րն էր ռեմարկյան պոռնկուհիներ գիշերային կանգառը


11:18 , 1 փետրվար, 2016

Նկատել եմ՝ շատերն անուշադիր են կարդում գրքեր։ Այնքան անուշադիր, որ նույնիսկ բաց են թողնում ստեղծագործությունը գունավորող, կոլորիտ ստեղծող դրվագները:

Ես այդպիսին չեմ, ես գիրքը ճիշտ եմ կարդում։ Փորձում եմ վերապրել ոչ միայն գործողությունները, այլև կերպարների զգացածը, փորձում նրանց աչքերով տեսնել շրջապատող աշխարհի գույները:

Իրականում գրքերում կան ոչ միայն հերոսներ, դեպքերի զարգացումներ կամ կուլմինացիաներ, այլև տվյալ ժամանակաշրջանը լավագույնս ներկայացնող նկարագրություններ։ Օրինակ, նույն «կորուսյալ սերնդի»՝ 1910-1920-ականների մասին պատմող գրեթե բոլոր գրքերում մեծ տեղ է հատկացվում հասարակական վայրերին՝ սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին։ Այն ժամանցի վայրերը, որոնց գրկում են ապրել թե՛ հեղինակները, թե՛ նրանց ստեղծած կերպարները, լոկ ուտելու և խմելու համար չէին։ Դրանք ունեին իրենց բնորոշ աուրան, տրամադրությունն ու հոգեվիճակը։


Ներկայացնում եմ 5՝ անձամբ իմ երազանքի ժամանցի վայրերը, որոնք նկարագրված են այն գրքերում, որոնք ես ճիշտ եմ կարդացել։ Դրանք մինչև օրս գործում են, գունավորում թե՜ իրենց քաղաքը, թե՜ հաճախորդներին:


Որտե՞ղ է հավաքվում բոհեմը

Էռնեստ Հեմինգուեյի «Տոն, որը միշտ քեզ հետ է» գրքում մանրամասն նկարագրվում է Փարիզի «Լա Կլոզերի դե Լիլա» (La Closerie des Lilas) ռեստորանը։ Ի դեպ, այստեղի սեղաններից մեկի մոտ ժամեր անցկացնելով՝ Հեմինգուեյը գրել է իր հանրահայտ «Ֆիեստա»-ն:

«…Երբ մենք բնակվում էինք սղոցարանի վերևի՝ Նոտր-Դամ-դե-Շան փողոցի № 113 տանը, մերձավոր լավ սրճարանը «Կլոզերի դե Լիլան» էր՝ Փարիզի լավագույն սրճարաններից մեկը։ Ձմռանն այնտեղ տաք էր լինում, գարնանն ու աշնանը կլոր սեղանները դրվում էին մարշալ Նեյի արձանի մոտ, ծառերի շվաքի տակ։ Իսկ սովորական քառակուսի սեղանները դասավորում էին մայթի երկայնքով՝ մեծ ծածկի տակ. այնտեղ հաճելի էր նստել։ Մատուցողներից երկուսը մեր լավ բարեկամներն էին…»։
«…Մի ժամանակ «Կլոզերի դե Լիլա»-ում շատ, թե քիչ կանոնավոր հավաքվում էին պոետները, և նրանցից վերջին հայտնի բանաստեղծը Պոլ Ֆորն էր, որից ես այդպես էլ ոչինչ չկարդացի…»։

Որտե՞ղ էին խորտակում հիշողությունները

Օնորե դը Բալզակի «Կորցրած պատրանքներ» գրքում երկար-բարակ նկարագրվում է փարիզյան «Ռոշե դը Կանկալ» ռեստորանը (Au Rocher De Cancale)։

«… Ճաշը «Ռոշե դը Կանկալում» հիանալի էր: Լյուսենն այնտեղ հանդիպել էր Ֆլորինայի բոլոր հյուրերին, բացառությամբ դեսպանին, դուքսին, պարուհուն և Կամյուզոյին. նրանց փոխարեն երկու հանրահայտ դերասան էր և Գեքթոր Մարլենը իր հիասքանչ սիրեցյալ կնոջ հետ, որին կոչում էին Տիկին դյու Վալ-Նոբլ…»։
«…Վինյոնն ուղևորվեց «Ռոշե դը Կանկալ»՝ բորդոյի երկու շշում իր խելքն ու հիշությունները խորտակելու մտադրությամբ…»։

Ի՞նչ է ռեմարկյան ծանրությունը
Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական Կամար» գրքում գորշ գույներով  նկարագրվում է փարիզյան «Կլոշ դ’Օր» (A La Cloche D’Or) ռեստորանը։

«…Երկու ժամ հետո Ռավիկը նստած էր «Կլոշ դ’Օրում», որը համարյա դատարկ էր: Ներքևում, սրահի երկարությամբ, ինչպես թութակները՝ թառին, նստել էին պոռնկուհիները և շաղակրատում էին: Նրանց միջև կանգնած էին մի քանի կոկաին վաճառողներ. տուրիստների էին սպասում: Վերևում մի քանի զույգեր սոխից պատրաստած սուպ էին ուտում: Ռավիկի դիմացի անկյունում գտնվող բազմոցին նստել էին երկու լեզբուհի, որոնք շերրի-բրենդի էին խմում և քչփչում…»։

Ո՞ւր են ձգտում քաղաքի բնակիչները

Ջեյմս Հենրիի «Ասպերի նամակագրությունը» գիրքը Վենետիկի «Կաֆե Ֆլորիան» (Caffè Florian) սրճարանի ու քաղաքի սիրո հիանալի օրինակ է։

«…Ես տեղավորվեցի սեղանի շուրջ, «Ֆլորիան» սրճարանի դիմաց, և, զրուցելով ծանոթներիս հետ, պաղպաղակ էի վայելում երաժշտության ներքո. ո՞ր մի փորձառու ճանապարհորդը չի ճանաչում այս սեղանների և թեթևաքաշ աթոռների կույտը, որը կարծես մի ափամերձ հրվանդան լինի՝ խրված Պյացա լճի հարթության մեջ…»։

«…Սակայն ի վերջո մենք մոտեցանք «Ֆլորիան»-ին և հենց հրապարակում տեղադրված սեղանների մեջ հազիվ մի ազատ տեղ գտնելով՝ տեղավորվեցինք: Երեկոն հիանալի էր, կարծես ամբողջ քաղաքը դուրս էր եկել…»։

Ո՞ւմ են աղոթում ակումբում

Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գրքում Նյու-Յորքի «Էռնիի մոտ» (Ernie’s) ակումբում ծավալվում են կարևոր իրադարձություններ։
 
«…Նույնիսկ այս ուշ ժամին Էռնիի մոտ լեփ֊լեցուն էր։ Հիմնականում դպրոցներից ու քոլեջներից եկած պիժոններ էին։ Բոլոր դպրոցներն էլ Ծննդյան տոներից առաջ շուտ են վերջացնում դասերը, միայն իմ բախտը չի բերում։ Այնքան մարդ կար, որ հանդերձարանում համարները չէին բավականացում։ Բայց լռություն էր տիրում, Էռնին ինքն էր դաշնամուր նվագում։ Ինչպես եկեղեցում, Աստված վկա, բավական է նա նստի դաշնամուրի առաջ, լիակատար երանություն է տիրում, բոլորն աղոթում են նրան…»։

Հ.Գ. Ի դեպ, վերոնշյալ բոլոր վայրերը սրբորեն պահպանվում են, ինտերիերում արվել են նվազագույն փոփոխություններ, որպեսզի փոխանցվի ստեղծման ժամանակաշրջանի ոգին ու աուրան։ Բացառություն է միայն Էռնիի ակումբը, որն այսօր, ցավոք, գոյություն չունի։