Հետո սկսեցին տարօրինակ փաստեր ջրի երես գալ։ Նախ, պարզվեց, որ այդ «քաջ ու անձնուրաց» հայրը, չգիտես ինչու, հանդես չէր եկել նման պատրաստակամությամբ իր մնացած մի քանի երեխաների համար, որոնց մեջ Դաունի նույն համախտանիշով երեխաներ էլ կան։ Հետո պարզվեց, որ Հայաստանում եղած ժամանակահատվածում ոչ մի բանով չի զբաղվել ու գումար չի աշխատել։ Հետո երեխային վերցրեց, փողերը ստացավ ու գնաց Նոր Զելանդիա։
Իսկ այսօր արդեն կարդում ենք երջանիկ ընտանիքի վերամիավորման մասին։ Պարզվում է, որ փոքրիկ Լեոյի մայրը հաշտվել է ամուսնու հետ, ու այժմ նրանք իրենց երեխայի հետ միասին բնակվում են Նոր Զելանդիայում։ Ու ինձ ցնցեց թիվը. պարզվում է, որ բարեսիրտ մարդկանց հաշվին այս ավանտյուրիստ զույգը շուրջ 500,000 դոլար գումար է կպցրել։ Լսո՞ւմ եք, հինգ հարյուր հազար... կես միլիոն... ԴՈԼԱՐ...
Սա ավելի շատ է, քան Հայաստանում հատկացնում է ԲՈԼՈՐ այն երեխաների համար, ովքեր ունեն այս սինդրոմը, բայց եթե ես իմանայի, որ այդ գումարը ծախսվելու է միայն Լեոյի վրա, ապա ձայն չէի հանի։ Սակայն քանի մտածում եմ, այնքան հանգում եմ այն եզրակացությանը, որ այս ողջ պատմությունը պարզապես լավ բեմադրված աֆյորա էր՝ միտված հասարակության խղճահարությունը հարուցելով գումար աշխատելուն։ Հիմա աֆերիստների այս զույգն արդեն կիսատ դոլարային միլիոնատեր է, ու թքած, թե այդ գումարը չի հավաքվել իրենց հիվանդ փոքրիկին շահարկելով ու դրամատիկ ֆարս բեմադրելով։
Աստված իրենց դատավոր...