Հարկային արտոնություններ` ներդրումների դիմաց


10:08 , 21 հունվար, 2016

Ներդրումային դաշտի ընդլայնման և տեղական արտադրողի համար պայմանների բարելավման հարցերում կարևոր գործոն են հանդիսանում հարկային արտոնությունները:

Գործադիր մարմնի որոշմամբ, դեղամիջոցներ արտադրող ընկերությունը կօգտվի մի շարք հարկային արտոնություններից: Մասնավորապես, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից:

Հարկային արտոնություններից օգտվող ընկերությունը գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է:

Այս ներդրումային ծրագիրը հնարավորություն կտա ավելացնել թե՛ աշխատատեղերը և թե՛ արտադրանքի ծավալները՝ դրանով իսկ ավելացնելով նաև արտահանումը: Սպասվում է, որ ծրագրի շրջանակներում դեղամիջոցներ արտադրող ընկերությունը ներկրելու է 342 մլն դրամի նոր սարքավորումներ և հումք: Արտադրանքի ծավալները հասցվելու են տարեկան 642 մլն դրամի, որից 70-80 տոկոսն արտահանվելու է:

Սա փոխշահավետ գործընթաց է պետություն-մասնավոր հարաբերություններում: Այլ կերպ ասած, կիրառվում է արտոնություններ ներդրումների դիմաց քաղաքականությունը, ինչից կարող է շահել մեր տնտեսությունը: