Տեղական ձիթապտղի արտադրության ծիլերը


21:00 , 19 հունվար, 2016

Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ում գործում է «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայ­ճապոնական համատեղ ծրագիրը: Վերջինս միտված է խթանել տեղական արտադրանքի զարգացումը: ՀՀ-ում վերոնշյալ ծրագրի ամփոփման շրջանակներում լրատվամիջոցներին տրված հարցազրույցի ժամանակ ճապոնացի փորձագետը ասել է, որ Տավուշի մարզում ձիթապտուղ արտադրող «ՎիվաՖրուտ» ընկերությունը ներկայացվել է «Պատրաստված է Հայաստանում» ցուցահանդեսին և ներկայումս կայուն զարգացում է ապրում: Վերը նշված ընկերությունը 2011թ. մասնակցել է Իջևանի արվեստի փառատոնին, որտեղ էլ իրականացրել է իր արտադրանքի փորձնական վաճառք, այնուհետև հետազոտություն է իրականացրել շուկայում իր արտադրանքի պահանջարկի իրական ծավալները հաշվարկելու համար և մեծացրել ծավալները:

Ճապոնացի փորձագետն իր խոսքում ասել է նաև, որ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար պայմաններ ստեղծված են, քանի որ գործում է ՓՄՁ­-ների զարգացմանն ուղղված օրենսդրություն, ինչը համընկնում է իրենց օրենսդրության հետ: Փորձագետը հավելել է նաև, որ Ճապոնիայում կարող են մրցունակ լինել հայկական չորացրած մրգերը և գինիները, մասնավորապես չորացրած տանձը կարող է Ճապոնիայում մեծ սպառում ունենալ, քանի որ դա նորություն է ճապոնացի սպառողների համար: