Լրացուցիչ 4 մլրդ դրամ սոցիալական ոլորտին


19:32 , 15 հունվար, 2016
Ս.թ. հունվարի 14-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց 2016թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը: Սա «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի պահանջն էր, և եթե նպաստի չափերը կառավարությունը չսահմաներ, հնարավոր չէր լինի դրանց վճարումը:
Եվ այսպես, նիստում հաստատվեցին ընտանեկան և սոցիալական նպաստի, հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)՝ հաշվի առնելով ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնության, սոցիալական նպաստի չափերը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:
Որոշման մշակմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը, «Նորք» ՏՎԿ ՓԲԸ-ն և նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալը:

Որպես կանոն, պետբյուջեի առյուծի բաժինը նպատակաուղղված է սոցիալական հարցերի լուծմանը: Չկա կառավարության որևէ նիստ, որտեղ քննության չառնվի և լուծում չտրվի սոցիալական գոնե մեկ հարցի: 2015թ. ընթացքում քննարկվածներից կարելի է առանձնացնել կառավարության հոկտեմբերի 8-ի նիստի որոշմամբ հաստատված չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը:

Այդ ակտով կարգավորվեցին համապատասխան օրենքով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները՝ ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև սահմանվեց անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Այդ որոշմամբ 2016թ. պետբյուջեի վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ ավելացավ: Սակայն, ինչպես ասում են, ծախսը լիովին արդարացված է: Չաշխատող մայրերն իրենց նպաստը սկսում են ստանալ 2016-ից: