ՃՈ պաշտոնյան պարզաբանում է, թե մեքենայի առջևի ապակին թաղանթապատված լինելու որ դեպքում վարորդը չի տուգանվի


17:16 , 12 հունվար, 2016

Slaq.am-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխությունները:
Նա ասաց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններից մեկի արդյունքում 2016 թ. հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունը ՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում հայտնաբերելիս վարորդին կտուգանի 30 հազար դրամի չափով: « Ավելացվել է նաև դրույթ, ըստ որի ուղակի պատասխանատվության կենթարկվի վարորդը, եթե առջևի դիմապակին թաղանթապատված է՝ անկախ դրա մգեցվածության կամ լուսաթափանցելիության աստիճանից»,- ասաց նա:

Արման Չիլինգարյանը նշեց, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավախախտողը Ճանապարհային ոստիկանի կողմից մեքենան կանգնեցնելուց հետո ձեռնամուխ է լինում իրավախախտումը վերացնելուն, այսինքն՝ կփորձի թաղանթը վնասել, նա չի ենթարկվի պատասխանատվության: Պատասխանատվության չի ենթարկվի նաև, եթե իրավախախտը 24-ժամյա ընթացքում կներկայացնի և կտեղեկացնի, որ հեռացրել է թաղանթը: