Օրվա առակը. «Մարդը, ով Արև էր նվեր ստացել»


13:13 , 26 դեկտեմբեր, 2012

www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի քաղաքում մի գրադարանավար էր ապրում: Նա ամեն օր կարդում էր իրար հակասող, իմաստուն գրքեր: Գրադարանավարին դուր էր գալիս այն միտքը, որ նա իմաստուն մարդ է:

Մի անգամ, իր ծննդյան օրը, նա իր նվերներն էր հանում տուփերից: Հիմնականում դրանք իմաստուն գրքեր էին: Սակայն մի ոսկեզօծ տուփի մեջ նա հայտնաբերեց մի փոքրիկ ԱՐԵՎ: Արևն այնքան լուսավոր էր և վառ, որ ցավեցնում էր աչքերը:

— Շատ շնորհակալ եմ Արևի համար, — անհասկանալի է թե ում, հեգնանքով ասաց իմաստուն գրադարանավարը և հետ դրեց Արևը տուփի մեջ:

Մյուս տուփում մի հետաքրքիր գիրք էր՝ «Իմացության մասին սեփական չիմացության հիմնավորումը» վերնագրով: Գրադարանավարը, տարվելով այդ գրքով, բոլորովին մոռացավ նվեր ստացած Արևի մասին: Ավելի ուշ այդ տուփը հայտնվեց պահարանում՝ ուրիշ անպետք իրերի հետ:

Շատ տարիներ անցան: Այդ ընթացքում գրադարանավարը վերջապես հիմնավորեց իր չիմացությունը՝ իմացության մասին: Նա մեծացավ և վեր ածվեց մի հիվանդ ծերունու: Եվ հիշեց նա իր վաղուց մոռացված նվերի մասին: Նա պահարանից հանեց արդեն մաշված ոսկեջրած տուփը և դողացող ձեռքերով բացեց այն…

Այլևս գրադարանավարին ոչ ոք չի տեսել: Ասում են, որ տուփի մեջ մի փոքրիկ սև անցք էր:

Ռոբ Գոնսալվես «Ուշ գիշերվա լույսը»