Քիմպրոմցիներն էլի դժգոհ են


17:01 , 18 դեկտեմբեր, 2015
Երեկ շատ հետաքրքիր ու ինքնատիպ պատասխան տվեց Լոռու մարզպետը կրկին աշխատավարձերի պահանջով հավաքված քիմպրոմցիներին (որի առթիվ տեսանյութը ներկայացվեց երկու հեռուստաալիքներով)՝ ասելով, թե «Դուք ուզում եք՝ ես նայեմ ձեր աչքերի մեջ ու սուտ խոսե՞մ»: Այսինքն՝ ինքը չի ուզում սեփականատիրոջ փոխարեն հավաստիացումներ տալ ու խորհուրդ տվեց, որ նրանք դիմեն սեփականատիրոջ ներկայացուցիչ Սնեգիրյովին, որ իբր աշխատավարձն ստացել է, ուրեմն պարտավոր է մյուսների աշխատավարձերն էլ վճարել: Մարզպետը հավաստիացրեց, որ վերջինս հաստատ աշխատավարձ ստացած կլինի, քանի որ նրան տեսել է «տրամադրությունը բարձր» վիճակում, ինչից կարելի էր ենթադրել, որ ստացել է: Փաստորեն, ինչպես միշտ, տնօրենն աշխատավարձ է ստանում, իսկ աշխատողները չեն ստանում: Վերջիններս նաև հավաստիացրին, որ անգամ դատարանի վճռի առկայության պայմաններում չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը: Իսկ կառավարության կողմից վերջերս հավաստիացվում էր, թե մինչև տարեվերջ պարտքերը մարվելու են: