ՀՀ սամբիստները չեն մեկնի Ստամբուլ՝ ի նշան բողոքի և համերաշխության


22:51 , 30 նոյեմբեր, 2015

Դեկտեմբերի 4-7-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթանալու է կատետների՝ կրտսեր տարիքի մարզիկների սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Այսօր սամբոյի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունոը սամբոյի միջազգային, եվրոպական, ազգային և համառուսական ֆեդերացիաներին հասցեագրված հետևյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել, որով հայտնում է այդ ստուգատեսին մասնակցելուն Հայաստանի հրաժարվելու մասին. 
«Հարգարժան ֆեդերացիաների նախագահներ: Սամբոյի ՀՀ ֆեդերացիան, իր գործկոմի՝ նոյեմբերի 28-ին ընդունած որոշման համաձայն, չի մասնակցվելու Ստամբուլում անցկացվելիք կադետների սամբոյի Եվրոպայի առաջնությանն՝ ի նշան բողոքի ու ի նշան համերաշության սամբոյի համառուսական ֆեդերացիային, թուրքական զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության ռազմական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ 
Հարգանքներով՝ սամբոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ՝ Լևոն Հայրապետյան»: 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունը՝ ԱԳՆ-ն, հանդես եկավ կոչով, որում Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ տվեց ձեռնապահ մնալ Թուրքիա այցելություներից, քանի որ այդ երկրի տարածքում դեռ ահաբեկչական սպառնալիքներ են պահպանվում: Նոյեմբերի 26-ին սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիայի գործկոմը հայտնեց ՌԴ-ի պատվիրակների՝ Թուրքիա չմեկնելու և կադետների սամբոյի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու վերաբերող ընդունած որոշման մասին: