Ապաքինվելուց հետո պետք է հրամանատարիս «պարտքը վերադարձնեմ» . SU-24 ինքնաթիռի փրկված օդաչու


20:01 , 25 նոյեմբեր, 2015

Թուրքերի կողմից նոյեմբերի 24-ին խոցված ռուսական SU-24 ինքնաթիռի ողջ մնացած օդաչու Կոնստանտին Մուրախտինը հայտարարել է, որ ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը։

Նա նաև հաղորդել է, որ որ թուրքական հրթիռը շատ անսպասելիորեն է հարվածել, և իրենք խուսանավելու հնարավորություն չեն ունեցել։ Ըստ օդաչուի՝ թուրքական կողմից որևէ նախազգուշացում չի եղել։

«Իրականում ոչ մի նախազգուշացում չի եղել՝ ոչ ռադիոկապի միջոցով, ոչ էլ վիզուալ։ Ընդհանրապես, որևէ կոնտակտ չի եղել։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ արագություն ունի SU-24-ը, և ինչ՝ F-16 կործանիչը։ Եթե մեզ ցանկանային նախազգուշացնել, կարող էին երևալ մեր տեսադաշտում՝ բարձրանալով նույն հորիզոնական մակարդակ։ Այդպիսի բան չի եղել։ Եվ հրթիռն էլ մեր ինքնաթիռի «պոչին» մոտեցավ բավականին անսպասելիորեն, մենք նույնիսկ չնկատեցինք այն, որպեսզի կարողանայինք հակահրթիռային մանեվր կատարել»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին թուրքական զորքերը խոցել են ռուսական SU-24 ինքնաթիռը։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այն չի հատել թուրք-սիրիական օդային սահմանը։ Մինչդեռ ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ռուսական կործանիչը գտնվել է Թուրքիայի օդային սահմանում և խոցվել է միայն 10-րդ զգուշացումից հետո։

Կործանված ինքնաթիռի հրամանատար Օլեգ Պեշկովը զոհվել էր կատապուլտից հետո՝ վերջիններիս ուղղությամբ արձակված գնդակոծության արդյունքում։ Փրկված օդաչուն նաև խոստացել է ապաքինվելուց հետո վերադարձնել իր հրամանատարի «պարտքը՝ շարունակելով ծառայությունը Սիրիայի ռազմաբազայում։