Այո-ի ու Ոչ-ի այս պայքարում որոշ մարդկանց մոտ իրոք շեղումներ են սկսվել…


11:09 , 18 նոյեմբեր, 2015

Ուրբաթ օրվանից` նոյեմբերի 13-ից, սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում մեկնարկել է թեմային նվիրված «Այո և Ոչ» ռեալիթի շոուն:
Հետաքրքիր է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմադիր լրատվամիջոցները փչացած, հնացած պատեֆոնի նման անընդհատ կրկնում են, որ ռեալիթի շոուն, այս ընթացող հանդիպումներն ավելացնելու են «Ոչ»-ի ձայները: Լա՛վ, եթե նման բան կա, ապա ինչո՞ւ եք ցնցումների մեջ ընկնում, վատ զգում, տառապում… Ուրախացեք, հանգիստ տարեք և թուլացեք ու հաճույք ստացեք…
Եթե այս գործիչներին, իրենց լրագրողներին պատահաբար կանգնեցնես, բարևես ու հարցնես՝ ինչպես ես` միանգամից կգոռան «Ոչ»… Արդեն Այո-ի ու Ոչ-ի այս պայքարում որոշ մարդկանց մոտ իրոք շեղումներ են սկսվել…
Նաև ասեմ, որ այդ հանդիպումներին այցելած բնակավայրերի շատ քիչ քաղաքացիներ են մասնակցում, ու հիմնականում հենց այդ «ոչ»-ականների պարապ-սարապ, սակավաթիվ հանրահավաքների մասնակիցներն ու համակիրներն են մեծ մասամբ: Իսկ «Այո»-ի կողմնակիցների մեծ, գերակշիռ հատվածը տանն է, այգում, գոմերում, ֆերմաներում, աշխատավայրերում: Եվ բարևին ի պատասխան «Ոչ» գոռալու փոխարեն, «Այո», աշխատում են, «Այո», արարում են` հաց են թխում, արտադրանք թողարկում, բարիքներ ստեղծում, սովորում, մարդկանց կյանքեր փրկում, սերունդներ կրթում, դաստիարակում…
Այո՛, կան թերություններ, բացթողումներ, անարդարություններ, այո՛, քիչ են աշխատատեղերը, այո՛, պրոբլեմներ, լուրջ խնդիրներ կան դեռևս: Սակայն նաև փոփոխված սահմանադրությունը նոր հնարավորություններ, նոր ժողովրդավարական մեխանիզմներ կտա ավելի լավ կարգավորել մեր կյանքը…
«Այո»-ի մեր որոշմանը թող հետևի ԱԺ պատգամավորների մեր ընտրությունը` արժանավոր, ժողովրդի մասին մտածող մարդկանց ընտրությունը….
Եվ այո՛, մենք էլ փոխվենք` բոլորս… Յուրաքանչյուրս մեր բաժինն ունենք ստեղծված լավի, վատի և չարվածի համար…
Իսկ բարևին անմիջապես ոչ պատասխանող քաղաքական գործիչները նույնիսկ հարկ չհամարեցին մասնակցել այդ հանդիպումներին, մասնակցել ու այդ բանավեճերում «ջախջախել», «խուճապի մատնել» իշխանության ներկայացուցիչներին, ապացուցել, որ իրենց «Ոչ»-ն իրական է և ոչ թե ուղղակի «իդեա ֆիքս», ինքնանպատակ հակադրություն ամեն իշխանականին, նույնիսկ եթե այն դրական է, առաջընթաց ապահովող…