Սիրիացի որբացածի լացն այսուհետ պետք է դիտարկվի որպես Շանզ-Էլիզեում հնչող շանսոնի՝ կրակահերթով հնարավոր խլացման «նախերգանք»


03:53 , 16 նոյեմբեր, 2015

Չգիտեմ, թե ինչքանով է օբյեկտիվ կամ արդարացված նման տեսակետը, բայց առնվազն նախնական քննարկում սկսելու առումով, ըստ իս, կարևոր է արձանագրել, որ Փարիզի պայթյունները մեկ անգամ էլ ապացուցեցին, որ Եվրոպան որպես առանձին կամ ապահով կերպով կղզիացած միավոր այլևս գոյություն չունի:

Իրականում այն արդեն իսկ զգալի չափով սերտաճել է Մերձավոր Արևելքի հետ թե՛ ժողովրդագրական, թե քաղաքական և թե՛ մշակութային տեսանկյուններից, և որքան շուտ ընկալվի այս փաստը, այնքան ավելի արագ հնարավոր կլինի ձևավորել այնպիսի նոր, ասենք այսպես, համընդհանուր քաղաքակրթական աշխարհայացք, համաձայն որի՝ այսուհետ պետք է հստակորեն գիտակցվի Մերձավոր Արևելքի ցանկացած «խուլ» անկյունում ընթացող գործընթացի անմիջական ազդեցությունը Եվրոպայի սրտի վրա:

Պատկերավոր ասած՝ հեռավոր սիրիական անապատում պատերազմից որբացածի լացն այսուհետ պետք է աներկբայորեն դիտարկվի որպես «նախերգանք» Շանզ-Էլիզեում հնչող շանսոնի՝ կրակահերթով հնարավոր խլացման, ուստի նույն այդ շանսոնը հանգիստ լսելու համար պետք է բացառվի նախևառաջ այդ լացը: