«Այո և ոչ». այդպիսի բան գրված չէ, սուտ մի ասեք. Հրանտ Բագրատյանը՝ Վարդան Այվազյանին (ուղիղ)


15:48 , 15 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության  պատգամավոր Վարդան Այվազյանը Սյունիքի մարզում Գորիսում սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հյուսիս» ուղղության քարոզարշավի շրջանակում ներկայացրեց, թե ինչու պետք է սահմանադրական փոփոխություններին «այո» քվեարկել: 

«Ֆինանսական կայունության և մոնոպոլիաների մասին եք ասում, գրված է, որ Կենտրոնական բանկը դա իր խնդիրներից մեկն է, ոչ թե իր հիմնական խնդիրն  է»,-ասաց նա: 

Այս հայտարարությունը բարկացրեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ով միջամտեց.«Այդպիսի բան գրված չէ, հայերեն լեզուն մենք հասկանում ենք, սուտ մի ասեք, գրված է՝ նպատակն է: Տվեք Սահմանադրության նախագծի տեքստը կարդանք: Մենք պետք է ազնիվ լինենք, այդպիսի բան չկա գրված»,-ասաց նա:

Վարդան Այվազյանը պարզաբանեց, որ առաջվա խմբագրական տարբերակում գրված էր «հիմնական նպատակ», իսկ հիմնական նպատակ նշանակում է, որ ԿԲ-ն պետք է զբաղվի միայն դրանով: «Խնդիրը դառնում է նպատակ»,-հավելեց նա:

Հրանտ Բագրատյանն ամեն դեպքում ընթերցեց սահմանադրական փոփոխությունների նախանշված կետը.«Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը: Չկա նպատակներից մեկը»,– ասաց նա: Իսկ Վարդան Այվազյանը պահանջեց կարդալ դրամավարկային քաղաքականության մասը:

«Սուտ ինչի՞ ես խոսում, արա, կանգնիր ասա՝ ներողություն ստեցի»,-ասաց Հրանտ Բագրատյանը, իսկ Վարդան Այվազյանն արձագանքեց.«Արա չի, Վարդան Այվազյան է: Ինձ կարող են մեղադրել ամեն ինչի մեջ, բացի սուտ խոսելուց»: