Ահաբեկիչները սպառնում են Վրաստանին


21:21 , 14 նոյեմբեր, 2015

Երեկ գիշեր Փարիզում իրականացված ահաբեկչությունից մի քանի օր առաջ Islamgeorgia.com էլեկտրոնային ռեսուրսում հայտնվել էր բաց նամակ, որում Վրաստանում նախկինում ապրող, իսկ այժմ իրեն Իսլամական պետության քաղաքացի հայտարարող Աբու Ասիա Ալ Ջուրջիան, նույն Մուրման Պաիճաձեն դիմել է վրաստանցի իր հայրենակիցներին՝ կոչ անելով տեղափոխվել ՛՛Իսլամական Խալիֆայություն՛՛ և այնտեղ ծառայել Ալլահին:
Իսլամիստի խոսքով՝ Վրաստանում 10 տարի լինելով կրոնական համայնքի ղեկավար՝ մուֆթի, մշտապես պայքարել է այն մարդկանց դեմ, ովքեր սխալ են հասկացել Աստծո պատվիրանները և չեն աղոթել և չեն հետևել Ղուրանի կանոններին: Հիասթափված այդ ամենից Պաիճաձեն տեղափոխվել է ՛՛Իսլամական Խալիֆայություն՛՛, որտեղ նրա պատմելով՝ դրախտային պայմաններ են ստեղծված իրական հավատացյալ մուսուլմանների համար. անվճար է ուսումը, բուժօգնությունը, կոմունալ ծառայությունները, կառուցվում են ճանապարհներ, շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, կյանքը աշխուժանում է:

Պաիճաձեն իր նամակում սպառնալիքներ է ուղղում քրիստոնյաներին՝ անհավատներին, կոչ անելով մուսուլմաններին թույլ չտալ, որ իրենց շահագործեն և ենթարկեն՝ հավելելով, որ ողջ աշխարհից մուսուլմանները մեկնում են Իսլամական Խալիֆայություն և այդ պետության սահմաններն ընդարձակվում են, և կգա մի օր, երբ իսլամականները կգան Վրաստան կգրավեն այն, և Վրաստանը կդառնա Իսլամական պետության մաս: