ՀՀ-ԵՄ «գնացքը շարժվեց նոր թափով»


20:15 , 6 նոյեմբեր, 2015

Կարծիք կար, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ԵՄ կապը կթուլանա, բայց արի ու տես, որ այդպես չեղավ: Օրերս Երևանում մեկնարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը:

Այն հայկական կողմից համանախագահում է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ Եվրոպական կողմից՝ Արտաքին հարաբերությունների ծառայության՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Կողմերը երկուստեք ընդգծել են ՀՀ-ԵՄ նոր հարաբերությունների կարևորությունը:

Նիստի ժամանակ Վիգանդն ասել է, որ փորձելու են խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ ունենալով ՀՀ-ԵՄ ընդհանուր համաձայնագիր: Նախատեսվում է ստեղծել ավիացիոն ընդհանուր տարածք՝ Հայաստանի գործարարների համար ապահովելով արտահանման լավագույն պայմաններ:

Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ նիստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների շրջանակներում ժողովրդավարությանը վերաբերող հարցերին: