Աշխատատեղերի ստեղծումը՝ բարեկեցության միակ ճանապարհ


16:44 , 2 նոյեմբեր, 2015

Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում բերեցին տարածաշրջանային երկրներ տրանսֆերների զգալի անկման: Նման անկումն էապես դանդաղեցրեց Հայաստանի տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնելով այս պայմաններում 9 ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճի մասին՝ վարչապետն արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է համարել: «Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ», ընդգծել է նա: