Ռուսական օդուժի հարվածները նկատելիորեն փոխել են ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում


11:17 , 12 հոկտեմբեր, 2015

Որքան էլ չափազանցված համարվի ռուսական օդուժի հարվածների ազդեցությունն «ԻՊ» դիրքերին, այնուամենայնիվ, դրանք նկատելիորեն փոխել են ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում՝ դժվար է ասել հօգուտ ում, քանի որ ռազմական հաջողությունները միշտ չէ, որ ուղեկցվում են հաղթական «գոլը» խփողի քաղաքական-տնտեսական շահերի առաջխաղացմամբ, սակայն ի վնաս «ԻՊ» ահաբեկիչների: Հետևաբար, միայն այն փաստը, որ չարիքի աղբյուր դարձած ահաբեկիչները ծանր կորուստներ են ունենում, նահանջում և պարտություններ կրում, արդեն իսկ դրական է:

«IRNA» իրանական գործակալության լրատվության համաձայն՝ իրաքյան կործանիչները լրջագույն հարված են հասցրել «ԻՊ» ահաբեկիչների ավտոշարասյանն Ալ-Անբար նահանգում, որտեղ նրանց առաջնորդները փորձել են հերթական ժողովն անցկացնել: Ըստ այդմ՝ ծանր վիրավորվել է «ԻՊ» առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին (նրա ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան), զոհվել են «ԻՊ» քարոզչական քաղաքականության պատասխանատու Ալ-Շիշանին և «ԻՊ» հրամանատար Աբու Սաէդ Ալ-Քարբուլին: