Ներքին գզվրտոցների ժամանակ չունենք


12:02 , 4 դեկտեմբեր, 2012
Պատմական գիտությունների թեկնածու

Ադրբեջանի թաթարական կազմավորման ամենօրյա զինումը և հակահայկական ագիտացիան, Թուրքիայի կողմից պատրիոտ համակարգերի հնարավոր տեղադրումը, ինչպես նաև Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումները մեզ համար կարող են ծանր հետևանքներ ունենալ, եթե չկարողանանք ադեկվատ պատասխանել նշված մարտահրավերներին: Իսկ ի՞նչ է հետաքրքրում մեր հասարակությանը, և արդյո՞ք նա պատրաստ է դիմակայելու այս մարտահրավերներին: Հաշվի առնելով մեր հասարակության մեծ մասի սերիալային տրամադրությունները, իսկ երիտասարդության շրջանում կրիմինալ բարքերի արմատավորումը՝ կարծում եմ՝ մենք այսօր լուրջ անելիք ունենք մեր մտածողության փոփոխության համար: Վերջին շրջանում մեր հասարկությունում քննարկվում են միայն անձինք, բայց ոչ երբեք գաղափարները: Իսկ սեփական ժողովրդի մեջ թշնամիներ գտնելը դարձել է մեր հասարակության անբաժան մասը, այնինչ փոքր ռեսուրսներ ունեցող ժողովրդի համար դա մեծ շռայլություն է և անդառնալի սխալ, երբ ժողովրդի ողջ էլիտան զբաղված է հիմնականում ներքին գզվրտոցներով: