Հայապահպանություն, արտագաղթ. Վիրահայոց թեմի առաջնորդը՝ հայ համայնքի խնդիրների մասին


16:44 , 3 հոկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Վրաստանում շուրջ 300 000-ի հասնող հայ համայնքի առաջնահերթ խնդիրները: Ըստ սրբազանի՝ հայապահպանության խնդիր կա վրացական, այսպես ասած, խառնաբնակ վայրերում, ինչպիսին Թբիլիսին է, Բաթումին և այլն, իսկ Սամցխե Ջավախքում, Ծալկայում կամ մյուս հայաբնակ վայրերում ավելի շատ խնդիրը սոցիալական է:

«Այստեղ նման հարց չկա, քանի որ ամբողջությամբ հայկական բնակավայրեր են: Դպրոցներում ուսուցանում են բոլոր առարկաները հայերեն լեզվով և խնդիր չկա, որ կխոչընդոտի հայերենի իմացությանը»,- ասաց նա:

Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նկատեց, որ մտահոգությունն այն էր, որ անցած տարի չստացվեց, հայերեն դասագրքերի տեղափոխումն էր Վրաստան. «Բայց այս տարի Սփյուռքի և Կրթության նախարարությունները, կարծես թե, պայմանավորվել են և այս ամբողջը կլինի»:

Ըստ նրա, Վրաստանում հայության հիմնական հարցերից մեկը պատմամշակութային կոթողների պահպանությունն է: «Դրանք եկեղեցիներն են, որոնցից 55-ը վերանորոգված, օծված գործում են, դրանց օրինական վերադարձի հետ կապված խնդրի շուրջ մենք աշխատում ենք և մյուս տաճարները, որոնք այսօր կանգուն են, բայց վրացականացվել են և այդպես էլ չեն վերադարձվում, դրանց հարցերի լուծում է պահանջում»,- ասաց նա:

Վիրահայոց թեմի առաջնորդը նկատեց, որ վրացահայության մոտ խնդիր է նաև աշխատատեղերի պակասը և կարևոր խնդիրներից է համարում արտագաղթի տեմպերի մեծացումը:

«Արտագաղթը դարձել է համընդհանուր ցավ, որը նույնպես մենք համարում ենք սոցիալական բնույթի, և ես չեմ նկատել, որ հատուկ որևէ բան է արվել, որի պատճառով արտագաղթի ծավալները մեծացել են: Շատ տեղեր չեք էլ տարբերի, թե սա հայկակա՞ն գյուղ է, թե վրացական գյուղ: Այլ է ադրբեջանական գյուղերում իրավիճակը՝ շատ աշխատասեր են, մտնում եք ադրբեջանական  գյուղեր, լրիվ այլ պատկեր է՝ տանիքը փոխված,  դարպասը ներկած, զգացվում է,  որ մարդիկ միտք չունեն լքել իրենց տունը, հողը:  Շատ տեղեր ցավոք հայկական գյուղերի հին շրջանից մնացած է վիճակ է, և այն տպավորությունն է, որ հարմար պահի են սպասում, որ հեռանան: Ես սա չեմ ասում մեղադրելու համար, սա սրտի ցավով եմ ասում, որովհետև խորհրդային տարիների հսկայածավալ հայությունը, որ այդ գյուղերում ապրել է, այսօր արդեն դժվար կացության առաջ է»,- ասաց նա:  

Հարցին, թե կա՞ վտանգ, որ հայերին ձուլելու քաղաքականություն է տարվում, Վիրահայոց թեմի առաջնորդը նշեց, թե դա իրենք չեն նկատում, թեև վրաց եկեղեցու կողմից, ըստ նրա, ոչ քրիստոնյաներին վայել քայլ է արվում:

«Ուղղակի վրաց եկեղեցին ոչ քրիստոնյաներին վայել քայլ է կատարում, մեր կամ այլ լատին եկեղեցու մկրտությունն ինքը չի ընդունում և տանում է կրկնամկրտության: Այս կրկնամկրտությունն արդեն իսկ ունի իր մեջ վտանգ, որ նա կարող է մի օր ազգությունը փոխել, որովհետև դավանանքի փոփոխությունը կարող է բերել միջավայրի  փոփոխության և ազգային  պատկանելության փոփոխության»,- ասաց նա:

Հարցին, թե ընդհանուր ինչպե՞ս է գնահատում հայ-վրացական հարաբերությունները և ըստ նրա՝ ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ ավելի խորացնեն հարաբերությունները, սրբազանը հիշեցրեց Հայոսի ու Քարթլոսի լեգենդի պատմությունը, որն ի դեպ, ըստ նրա՝  հայերը չեն ստեղծել:

«Դրանք գրել են վրաց պատմիչներ և մեծ մտավորականներ միջնադարում, ինչը ցույց  է տալիս, որ հնուց  հավատացել են այդ լեգենդին: Դա նշանակում է, որ ընդհանրություն ունենք: Բայց դավանաբանական և երբեմն քաղաքական այլ կողմնորոշումները, կարծես թե, մեզ իրարից հեռացնում են: Հետո այս խորհրդային տարիների փլուզումից հետո Աբխազիայում, Օսեթիայում,  հազար ու մի կոնֆլիկտ եղավ մի տեղ հայերը այս կողմից կռվեցին, մի տեղ այն կողմից կռվեցին, լավ ու վատ եղան և շատերը սա չեն մոռանում, դե գիտեք, որ մարդիկ իրենց սխալը հեշտությամբ գցում են ուրիշի վրա և ձեռքերը լվանում: Երևի, մի ինչ-որ ժամանակ պետք է գա, բնական եղանակով, որ վրաց հասարակությունը նորից հայ համայնքի  և Հայաստան պետության եղբայրական կարևորությունը զգա»,- ասաց նա՝ շեշտելով, որ այսօր էլ այդ ջերմ հարաբերությունները հավասարակշռված քաղաքականությամբ առկա են:

«Հայաստանը երբեք անտեսված չէ, շատ ջերմ հարաբերություններ ունենք ի պատիվ իրենց և մեր ղեկավարների այս ամենը կա, և մենք էլ որպես եկեղեցի և համայնք անում ենք ամեն ինչ, որ բարեկամությունն էլ պահելու, բայց կրկնում եմ, գնալով նվազելու են խոչընդոտները: Երբ որ համընդհանուր հարցերը լուծվեն, իրենք ռուսների հետ, մենք Ադրբեջանի հետ, կհանգստանա և կխաղաղվի ամեն ինչ»,- ասաց նա: