Tert.am-ը գրում է.
Սահմանադրությունը փոխվում է երկու պարագայում. առաջինը, երբ հասարակության ակտիվությունը այնքան է բարձրանում, որ իշխանության կենտրոնացում է պահանջում և երկրորդը՝ երբ իշխանական ճգնաժամ է լինում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին:
«Մեզ մոտ վերնախավը փորձում է իշխանության վերադասավորում կատարել, ուրեմն իշխանական վերնախավի ճգնաժամ է»,- ասաց նա և նշեց, որ եթե հանրաքվե լինի, ապա իշխանությունների մեծ մասը դեմ կլինի, քանի որ կկորցնեն իրենց պաշտոնները: «Ընդդիմությունը կառուցողական առաջարկ չի անում, նա ընդամենը ժխտողական է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կրոնական կազմակերպությունների գործունեությանը՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ մասնավորապես եհովայի վկաների գործունեությունը մի քանի երկրում արգելված է: «Հայաստանում ևս կարող է արգելվել, սակայն պետությունը գիտի, որ նրանք բնակչության մի մասին կերակրում են»,- ասաց նա:
ՄԵԼ կազմակերպության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը անդրադառնալով աղանդավորների գործունեությանը՝ հայտարարեց, որ նրանք սկսել են զբաղվել բարձրաստիճան պաշտոնյաների կանանցով, դերասաններով:
Նա պաշտոնյայի կնոջ անունը թեև չցանկացավ հրապարակել, սակայն նշեց, որ նախկին «Տնփեսա» հեռուստասերիալի Լիլիթը, ով ներկայանում էր սպասավորներից մեկի դերում, աղանդավոր է և թեև չգիտեր, թե որ աղանդին են նրանք պատկանում, սակայն նշեց, որ նրանց հովվի անունը Զինաիդա է: «Օրինակ՝ Աղվան Հովսեփյանի կինը եղել է աղանդավոր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների նախագծի կրոնին առնչվող հարցերին, բանախոսներն ասացին, որ այդ հարցում ոչինչ չի փոխվում:
««Աստծո կամք» աղանդը զբաղվում է խաբեբայությամբ և համագործակցում է Երևանի ավետարանական եկեղեցու հետ»,- ասաց Սևակ Հովհաննիսյանը: