Այսօր Տարեցների միջազգային օրն է. միայն հարգանքի են արժանի մեր մեծահասակները


11:00 , 1 հոկտեմբեր, 2015

Անցյալ տարի Վայոց Ձորի մարզում հանդիպեցի երևի ամենաառույգ եղեգնաձորցիներից մեկին՝ Խաչիկին, ով, չնայած իր պատկառելի տարիքին, ինչպես կասեն՝ հազար ջահել արժեր: Նա հանդիպման էր եկել ինձ հետ մի շատ աննշան խնդրով, ինչի լուծմանն այն աստիճան չէր հավատում, որ խոստացավ դրական արդյունքի դեպքում միասին կարմրախայտ ու Եղեգնաձորի գինի վայելել: Ուրախ, հումորով և կենսախինդ այս մարդուն հանդիպելու առիթը չուշացավ: Նրա խնդիրը կարգավորվել էր, երբ իր խոսքի տեր Խաչիկից լուր ստացա, թե «Շաբաթ օրը բան չձեռնարկես, գալիս եմ» ու այնպիսի ձայնով, որ մերժելն անհնար էր: Նրա գալու օրը մեր ընտանիքի մասին հաղորդման նկարահանումներն էին, ու այնպես ստացվեց, որ իմ ու Խաչիկի հանդիպումն էլ դարձավ հաղորդման հաջողված կադրերից: Պարզ, չըկնճվող, տեսախցիկները համառորեն չնկատող իմ ավագ ընկերը գինին ու ձուկն էլ հետն էր բերել: Հանդիպմանը Խաչիկի խնդրանքով հրավիրեցի նաև այն պաշտոնյային, ումից արդեն մեր Խաչիկը պարտք-պահանջ չուներ: Շատ հաճելի ժամանակ անցկացրինք՝ համեմված Խաչիկ հորեղբոր կիսախրատական զվարճալի պատմություններով… 
Այսօր Տարեցների միջազգային օրն է, և առիթ եղավ նորից հիշելու անցյալ տարվա իմ ամենաառույգ ու երիտասարդ տարեց բարեկամին, ում համար տարիները ոչ թե ծերանալու, այլ իմաստնանալու և մարդկային հմայքը խորացնելու համար էին ծառայել: Միայն պատկառանքի, հարգանքի և մեծ գնահատականի են արժանի մեր մեծահասակները, ովքեր չեն դադարում մտածել երիտասարդների բարօրության մասին, անգամ այն ժամանակ, երբ երիտասարդներն ականջի ետև եև են գցում նրանց խորհուրդները: 
Միշտ ներող, միշտ նվիրված ու եկող սերնդի բարեկեցիկ ու խաղաղ կյանքի համար լուռ աղոթող ու համբերատար բարեկամներ, շնորհավորում եմ ձեր տոնը: Մենք ձեզ սիրում և հարգում ենք, ու եթե մի քիչ էլ փակագծերը բացեմ, ապա իմացե՛ք, որ որոշակի տարիքից սկսած սկսում ենք մեր զավակներին ուղղորդել ձեր խրատներով՝ մի փոքր խախտելով դրանց հանդեպ ձեր հեղինակային իրավունքերը: 
Առողջ եղեք, մեզ հետ եղեք երկար…

Հ.Գ. Այսօր նաև իմ ընկերների հետ միասին կփորձենք մի փոքր ավելի հաճելի ու հիշվող դարձնել Շիրակ հայրենակցական միության անդամ մեր ավագ բարեկամների օրը…