Այսօր Սիրիայում տեղի ունեցածը մի փոքր սրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը տեղեկատվական հարթակում


02:29 , 1 հոկտեմբեր, 2015

Այսօր Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո տեղեկատվական հարթակում հակամարտությունը մի փոքր սրվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Կան վերլուծություններ և լրատվական հոդվածներ, որտեղ Ռուսաստանի քայլը ներկայացնում են ոչ թե որպես ԻՊ-ի դեմ գործողություններ, այլ որպես կոնկրետ քայլեր՝ ուղղված Սիրիայի ընդդիմությանը: Անգամ գերմանական լրատվականներից մեկը «Зеленые человечки для Асада» վերնագրով նյութ էր հրապարակել:

Սրան հակակշիռ ռուսական հեղինակավոր մի քանի կայքեր կատարել են բավականին հուզական վերլուծականներ, մոտավորապես «ռեժիմը խուճապի մեջ է» ֆորմատի, որտեղ արևմտյան ԶԼՄ-ների նմանատիպ մեկնաբանությունները ենթարկում են խիստ քննադատության և բավականին կոշտ որակումներ տալիս:

Կարծում եմ՝ ինֆորմացիոն տեսանկյունից անթույլատրելի է հավաքել ամբողջ Եվրոպայի և ԱՄՆ-ի լրատվական կայքերի բացասական հոդվածներն ու դա լսարանին ներկայացնել՝ որպես տեռակտ Ռուսաստանի դեմ: 

Հիմա, եթե մենք նպատակադրված հավաքագրենք ամբողջ Աֆրիկա մայրցամաքում գործող լրատվականների հոդվածներն ու առանձնացնենք Գերմանիայի վերաբերյալ կատարված վատ մեկնաբանությունները, ապա մոտավորապես կստանանք պատկեր, որով կկարողանանք ընթերցողին ցույց տալ, որ աֆրիկացիները, մեղմ ասած, չեն սիրում գերմանացիներին: