Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 17-ին Ուկրաինայի տարածքում կանխվել է Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչի և նրա ուկրաինացի գործընկեր Արսենի Յացենյուկի դեմ մահափորձը, գրում է «Радио Польша»-ն՝ վկայակոչելով լեհական ԶԼՄ-ներին։
Ուկրաինայի վարչապետի անվտանգության ծառայությունն ավտոշարասյան ուղղությամբ կրակելու համար պատրաստ զենք է հայտնաբերել ճանապարհին, որտեղով անցել են Կոպաչն ու Յացենյուկը:
Ճանապարհին, որտեղով պետք է անցներ Լեհաստանի և Ուկրաինայի կառավարությունների ղեկավարների երթուղին, հայտնաբերվել է РПГ-26 նռնականետ։ Զենքը եղել է երկաթուղային կամրջի տակ։ Առաջին հայացքից նռնականետը նման է եղել խողովակի։
ԶԼՄ-ների հաղորդագրությունները հաստատել են Լեհաստանի կառավարության անվտանգության բյուրոն և ինքը՝ վարչապետ Էվա Կոպաչը: «Այո՛, մենք ստացել ենք այդ տեղեկությունը: Մեր ճանապարհը փոխել են, և վարչապետ Յացենյուկը հայտնել է, որ իր ծառայությունները հայտնաբերել են նռնականետը»,- պատմել է Լեհաստանի վարչապետը: