Հայաստանը նշում է անկախության 24-րդ տարեդարձը


05:59 , 21 սեպտեմբեր, 2015

Այսօր` սեպտեմբերի 21-ին, հայությունը նշում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության օրը:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:
1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:
Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.
Այժմ Հայաստանի Հանրապետությունը կայացած ու անկախ պետություն է: