Վրացի աշակերտներից շատերը սովորում են ճղճղված դասաքրքերով


15:18 , 17 սեպտեմբեր, 2015

Մի քանի օր է՝ Վրաստանում մեկնարկել է նոր ուսումնական տարին: ԿԳ պատասանատուներն արդեն շնորհավորել են ոլորտում ներգրավված մեծերին և փոքրերին այդ իրադարձության կապակցությամբ, մաղթել հաջող և բեղմնավոր տարի: Դպրոց հաճախող աշակերտների ծնողների մի մասը, սակայն, բողոքում է նախարարության դեմ այն պատճառով, որ երեխաներին բաժանված որոշ դասագրքեր մաշված և ճղճղված վիճակում են: Նրանց խոսքով՝ դասագրքեր կան, որոնցում նույնիսկ բացակայում են որոշ էջեր:

Պատասխանատուրերի պարզաբանմամբ՝ գրքերը տրամադրվում են պետական ծրագրով անվճար, և դրանք պարտադիր պետք է լինեն նոր կամ օգտագործմանը պիտանի: Վրաստանի ԿԳՆ-ն խորհուրդ է տալիս հիշյալ խնդրով մտահոգված ծնողներին դիմել դպրոցների տնօրեններին և պահանջել նոր դասագրքեր: Ծնողները, սակայն, նշում են, որ տնօրենների խոսքով՝ երեխաները պետք է խնամքով վերաբերվեն դասագրքերին և հրաժարվում են կատարել ծնողների պահանջը: Վերջիններիս համար անհասկանալի է, թե ինչում են մեղավոր առաջին անգամ արդեն իսկ ճղճղված դասագիրք ձեռքը վերցրած երեխաները:

Խնդիրը բարդ է, իսկ լուծումը մնում է օդում կախված: Ստացվում է՝ վրացի աշակերտներն այբուբենի տառերի կեսը կարող են չսովորել, իսկ բանաստեղծությունները յուրացնել ոչ ամբողջությամբ: