Ո՞նց կարելի է կարոտել 22 մլն քկմ տարածքով մի մեծ համակենտրոնացման ճամբար, որտեղ նույնիսկ շնչելը կարող էր վերահսկվել


04:19 , 14 սեպտեմբեր, 2015

Սենց որ նայում ես պատմությանը, մի փոքր ուսումնասիրելով Սովետ vs Արևմուտք հակամարտությունը՝ հասկանում ես, որ սովետի պարտությունն անխուսափելի էր ընդամենը մի պարզ պատճառով։ Արևմտյան հասարակությունն անընդհատ շարունակական դինամիկայի և զարգացման մեջ էր: Տնտեսական գիտական և տեխնոլոգիական առաջընթացին զուգընթաց զարգանում և ավելի պահանջատեր էին դառնում Արևմուտքի հասարակությունները: Արևմուտքում եղել են 1960-ականներ՝ համեմված մշակութային փոփոխություններով, ուսանողական լրջագույն շարժումներով, որոնք իրենց հետքն են թողել արևմտյան երկրների պատմության մեջ: Կարճ ասած` իրենք հասարակական կյանքի բնականոն ընթացքի առումով չեն դոփել տեղում:

Իսկ սովետական միությունը վերոգրյալի լրիվ հակառակ պատկերն էր. կար 70 տարի իշխանություն ունեցած մի հատ Կոմկուս՝ իր առաջնորդներով, կար Սիբիրը, և կային գուլագներ և քաղաքական գնդակահարությունների որոշումներ կայացնող սովետական դատարաններ այլախոհների համար: Այսինքն` ոչ մի դինամիկա հասարակական կյանքում և լճացած իրավիճակ:

Հ.Գ. Զարմանալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր տառապում են սովետի կարոտախտով: Ախր ո՞նց կարելի է կարոտել մարդկանց կառավարելի պիոներական ոգով «կենսաբանական զանգվածի» վերածող 22մլն. քկմ տարածքով մի հատ մեծ համակենտրոնացման ճամբար, որտեղ նույնիսկ շնչելը կարող էր վերահսկվել: