Վարդան Այգեկցի. «Մի առակ համբերության վերաբերյալ»


12:07 , 29 նոյեմբեր, 2012

Մի վարդապետ աշակերտին համբերություն սովորեցնելու համար նրան ուղարկում է գերեզմանատուն՝ շիրմաքարերը գովելու։ Մյուս օրը ուղարկում է նախատելու և հայհոյելու, իսկ հետո հարցնում է.

— Քո գովելուց քարերը հպարտացա՞ն։

Ասում է՝ ոչ։

— Իսկ հայհոյելուցդ դժգոհեցի՞ն արդյոք և որևէ բան ասացի՞ն։

— Ամենևին ոչ։

— Դու ևս գնա,— ասում է վարդապետը,— այդպես արա։ Գովեստից մի փքվիր և անարգելուց մի տրտմիր։