Հունգարիայում արտակարգ դրություն կսահմանեն փախստականների հսկայական հոսքի պատճառով


00:16 , 5 սեպտեմբեր, 2015

macedonia_migrants-1GalaTV.am-ը գրում է.

ԵՄ երկրների առաջնորդներն առաջարկում են հրատապ միջոցներ ձեռնարկել միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար: Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայի հյուսիսային շրջաններից հսկայական թվով փախստականներ են հայտնվում Եվրոպայում, նրանց հոսքը չի դադարում, տեղեկացնում է BBC-ն:

ՄԱԿ-ը կոչ է արել Եվրամիության ղեկավարությանն ավելացնել փախստականների համար նախատեսված քվոտան՝ յուրաքանչյուր երկրում 200 հազար մարդ: Միեւնույն ժամանակ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեսը հայտարարել է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է բավարար պայմաններ ապահովեն փախստականներին ընդունելու համար: Նա նշել է, որ առաջին հերթին դա վերաբերում է Հունաստանին, ուր փախստականները հասնում են Միջերկրական ծովով:

Եվրահանձնաժողովն անցկացնելու է տեսչական ստուգումներ հունական Կոս կղզում, որտեղ գտնվում է փախստականների համար նախատեսված խոշոր կենտրոնը:

Բացի դրանից, արտագաղթի եւ փախստականների խնդիրը Բրյուսելում քննարկելու են ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները, իսկ Պրահայում շտապ հանդիպում կանցկացնեն Վիշեգրադյան խմբի առաջնորդները՝ Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի:

Գերմանիայի եւ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են փախստականների ընդունումը կազմակերպելու նոր ծրագրի մասին: «Մենք Անգելա Մերկելի հետ առաջարկել ենք ստեղծել մշտական եւ պարտավորեցնող համակարգ փախստականների տեղավորման համար: Ես կարծում եմ, որ այն, ինչ գոյություն ունի այսօր, բավարար չէ, կան երկրներ, որոնք չեն կատարում իրենց բարոյական պարտավորությունները»,-  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Բրիտանիայի կառավարությունը քննադատության է արժանացել փախստականների թիվն  ավելացնել չցանկանալու պատճառով: Իսկ Հունգարիայի խորհրդարանում միգրանտների հարցերով քվեարկություն տեղի կունենա: Պատգամավորները կքննարկեն սահմանային վերահսկողության խստացման, փախստականների համար նոր ճամբարներ ստեղծելու, նման ճամբարներում եւ կայարաններում արտակարգ դրություն սահմանելու վերաբերյալ հարցեր:

Հունգարիայի վարչապետ Օրբանի խոսքերով՝ փախստականները չեն ցանկանում մնալ այնպիսի երկրներում, ինչպիսին են Հունգարիան, Լեհաստանը եւ Էստոնիան: «Նրանք բոլորը ձգտում են մեկնել Գերմանիա»,- ասել է նա: Օրբանը հայտարարել է, որ եթե Գերմանիան պատրաստ է ընդունել այդ մարդկանց, ուրեմն պետք է տրամադրի վիզաներ, այդ դեպքում Հունգարիան թույլ կտա նրանց հեռանալ: