Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության օրն այն բացառիկ տոներից է, որի կերտման գործում իր ավանդն է ունեցել մեր ողջ ժողովուրդը, և արդեն 24 տարի է, ինչ բոլորս միասին, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի կառուցում ենք ազատ ու ինքնիշխան ժողովրդավարական պետություն, որը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` տարեցտարի գրանցելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ և իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային հանրության շարքում:
«Արցախի ժողովուրդը տերն է իր հողի ու ջրի և անում է ամեն ինչ` իր նպատակներին հասնելու, իր քաջ զավակների կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: