Կառավարությունը կվճարի նաև ամսական 250 կվ/ժ հոսանք սպառող ՓՄՁ-ների էլէներգիայի հավելավճարը


17:08 , 31 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Կառավարությունը արտաբյուջեից կվճարի ՓՄՁ այն ներկայացուցիչների էլեկտրաէներգիայի սակագնի օգոստոսի 1-ին հայտարարված հավելավճարը, ովքեր ամսական սպառում են 250 կվ/ժ հոսանք։ Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ հարցը քննարկել է այսօր ՀՀ Նախագահի հետ։

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ ներկայացրեց «Էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշման նախագիծը։ Վերջինս նշեց, որ նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարությունը 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, բնակիչ սպառողների և 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) փոխարեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարի էլեկտրական էներգիայի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ։