Tert.am-ը գրում է.
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի է ունեցել լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով դատական հերթական նիստը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Նախ Իսմայիլովայի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել քննությունը վերսկսելու վերաբերյալ, սակայն պետական մեղադրողը նշել է, որ դատավարությունը ճիշտ է ընթացել, և բոլոր մեղադրանքներն ամբողջությամբ ապացուցվել են։
Նա նշել է, որ քննությունը վերսկսելու որևէ հիմք չկա։ Միջնորդությունը մերժվել է։
Ապա խոսել է պաշտպանական կողմը՝ խնդրելով արդարացնել Իսմայիլովային։
Դատախազ Ռամզան Խադըևն իր հերթին նշել է, որ փաստաբանների ելույթն իրականությանը չի համապատասխանում։
Դրանից հետո Իսմայիլովան դատարանից ժամանակ է խնդրել՝ իր վերջին խոսքը պատրաստելու համար։
Դատավորն ընդմիջում է հայտարարել։ Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 31-ին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր լրագրողին առաջադրվել են ինքնասպանության հասցնելու, խոշոր չափի յուրացումների, հարկերից խուսափելու և այլ մեղադրանքներ։
Բազմաթիվ միջազգային կառույցներ ու իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս կոչ են հնչեցրել ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային և այլ քաղբանտարկյալների, որոնք անազատության մեջ են շինծու մեղադրանքներով։