Մանրամասներ 25-ամյա երիտասարդի սպանության վերաբերյալ. նա ապրում էր եղբոր հետ, ում գտնվելու վայրն անհայտ է


13:10 , 18 օգոստոս, 2015

Pastinfo.am-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 18-ին,  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել  «Փաստինֆո»-ին:

Այսպես,  տանը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու կացնահարված դիակ, բացի սպանվածից բնակվել է նաև նրա եղբյարը: Սպանվածը, մեր տեղեկություններով,  թմրամիջոցների նկատմամբ որոշակի հակվածություն է ունեցել, իսկ նրա եղբայրը՝ որոշակի հոգեկան խնդիրներ: Վերջինիս  գտնել դեռևս չի հաջողվել:   

25-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել հիմնականում գլխի շրջանում, իսկ դիակը հայտնաբերել եւ ահազանգել է մայրը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝   այսօր  ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:  Ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վ. Կարապետյանի կացնահարված դին:

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի՝ սպանություն,  1-ին մասի հատկանիշներով: