Հանրապետականներն ու ՕԵԿ-ականները, ԱԺ արտահերթ նիստին չներկայանալով, խախտե՞լ են էթիկայի կանոնագիրքը


13:12 , 21 նոյեմբեր, 2012

Ընդդիմադիր պատգամավորները կդիմեն Էթիկայի հանձնաժողով՝ ճշտելու չե՞ն խախտել հանրապետականներն ու ՕԵԿ-ականները էթիկայի նորմերը՝ այսօր չներկայանալով ԱԺ արտահերթ նիստին։ 
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը վստահ է, որ նրանք խախտել են Էթիկայի կանոնագիրքը։

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցով ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ նիստը տապալվեց՝ քվորում չլինելու պատճառով։

Գրանցվել է 44 պատգամավոր։
Ի դեպ, Ռուստամյանի ռեպլիկին ի պատասխան՝ նիստը նախագահող, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց, թե «Ձեր 9 բացակա պատգամավորների ներկայությունն ապահովեիք»։

ԲՀԿ-ից բացակայում էր 4 պատգամավոր՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զուրաբյանն ասաց, թե չգիտի՝ հանրապետությունո՞ւմ է Ծառուկյանը, թե՞ ոչ։

Երեք ժամ կսպասեն՝ տեսնելու՝ քվորում կապահովվի, թե ոչ։