«Առողջապահություն» հանդեսի աշխատողները կխուսափեն գործազրկությունից


18:47 , 3 օգոստոս, 2015

Հայաստանի երբեմնի ամենահեղինակավոր «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» հանդեսը հայտնվել էր ծանր ֆինանսական վիճակում: Վերջին տարիներին այն գործում էր համանուն նախարարության հովանու ներքո, սակայն ֆինանսական վիճակը շարունակ վատթարանում էր:

Փակման եզրին հայտնված խմբագրության համար նախարարությունը փնտրում էր ֆինանսավորման աղբյուր:

Կառավարությունը նախարարության առաջարկով իր վերջին նիստում որոշում է կայացրել միացնել այդ խմբագրությունը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ինստիտուտին: Երկու կառույցների գործունեությունը փաստացի համընկնում է, և աշխատանքային խնդիրներ դժվար թե առաջանան:

Այս որոշումը հնարավորություն կտա ոչ միայն կազմակերպել խմբագրության արդյունավետ աշխատանքը, այլ նաև պահպանել խմբագրության աշխատողների աշխատատեղերը: