Վարդան Սարգսյան. «Ես կլինեմ այնպիսի վայրերում, որ նայելուց կասեն` ոչ երանի նրան»


18:30 , 3 օգոստոս, 2015

EXCLUSIVE 

Շատ շուտով հեռուստադիտողը երգիչ Վարդան Սարգսյանի հետ հնարավորություն կունենա ճամփորդել  տարբեր երկրներ և բացահայտել հետաքրքիր վայրեր: BlogNews.am-ի հետ զրույցում Վարդանը պատմել է նոր հաղորդման մանրամասները:

«Ճանապարհորդելը իմ հոբբին է. սիրում եմ բացահայտել նոր վայրեր և հայտնվել տարբեր իրավիճակներում: Դեռ այն ժամանակ ես Իվետա Եդիգարյանին առաջարկեցի, և մենք նմանատիպ նախագիծ սկսեցինք, բայց այն կարճ տևեց, քանի որ Իվետան մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ ես, միևնույն է, ցանկություն ունեի կրկին նկարել հաղորդումը»:

Նախագիծը կոչվում է «Տնից հեռու» և հեռարձակվելու է ATV հեռուստատեսությամբ սեպտեմբեր ամսին, շաբաթը մի քանի անգամ.  «Արդեն եղել ենք Եգիպտոսում, իսկ մեկ շաբաթից մեկնում ենք մեկ ուրիշ երկիր: Չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց չենք սահմանափակվի միայն պատմական վայրեր այցելելով: Նշեմ նաև, որ չեմ համագործակցում որևէ տուրիստական գործակալության հետ, վայրէջք եմ կատարելու տվյալ երկրում, և ամեն ինչ սկսվելու է հենց օդանավակայանից: Ինձ համար ևս անակնկալ է լինելու, թե ինչպես կստացվի ամեն ինչը»:

Հատուկ այն մարդկանց համար, ովքեր գուցե կնախանձեն նրան կամ երանի կտան՝ Վարդանն այսպես ասաց. «Միանշանակ կսկեն խոսել, որ տեսեք նա փող ունի, որ մեկնում է, բայց եթե այդպես մտածենք, ապա ոչ մի երգիչ չպետք է տեսահոլովակ նկարահանի: Ես լինելու եմ և պատրաստվում եմ լինել այնպիսի վայրերում, որ հեռուստադիտողը նայելուց կասի՝ «վայ, ոչ երանի նրան»: Այսինքն՝ այն շքեղությունը ցույց չեմ տալու, որ չթվա, թե ես ունեմ հնարավորություն մեկնելու, իսկ ինքը՝ ոչ: Օրինակ գիշերելու եմ անապատում՝ օձերի և կենդանիների հետ, ցույց ենք տալու նաև, թե ինչպես չխաբնվել, երբ հայտնվում ես օտար երկրում»:

Խոսելով ստեղծագործական աշխատանքներից՝ նշեց. «Աշխատում եմ Դուետրոյի հետ, կնկարահանեմ տեսահոլովակ՝ Գրիգոր Կյոկչյանի գրած երգի հիման վրա: Այս փուլում ես հետաձգել եմ տեսահոլովակի նկարահանումը և ավելի շատ զբաղված եմ այս նախագծով»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի