Պուտինի խոսնակի հարսանիքի լուսանկարը կոռուպցիոն սկանդալի պատճառ է դարձել. լուսանկարներ


01:54 , 3 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են կոռուպցիոն սկանդալի մասին, որի պատճառը դարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հարսանեկան լուսանկարը:

Slon-ը գրում է, որ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին պարզել է, որ հարսանիքի արարողության ժամանակ Պեսկովը կրել է էքսկլյուզիվ` Richard Mille RM 52–01 ժամացույց, որի արժեքը 37 մլն ռուբլի է կամ 620 հազար ԱՄՆ դոլար:

Պեսկովի վերջին երեք տարիների պաշտոնապես հրապարակված եկամուտը կազմել է 34,5 մլն ռուբլի:

Նավալնին նկատել է, որ 1989-ից ի վեր Պեսկովը պաշտոնապես բիզնեսով չի զբաղվել և միայն պետական պաշտոններ է զբաղեցրել:

Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը տեղեկությունը հրապարակել է սոցցանցերում, ինչպես նաև պաշտոնական մեկնաբանություն պահանջել Ռուսաստանի նախագահի աշխատակազմից։

Այն տեղեկությունը նաև կատակների ու քննադատության ալիք է բարձրացրել ռուսաստանյան սոցցանցերում:

Օգոստոսի 1-ին Պեսկովը Սոչիում ամուսնացել էր օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի հետ: