Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Հակոբ Սախ Բազարյանի գործի դատական քննությունը:
31-ամյա Հակոբը երկքաղաքացի է՝ Հայաստանի և Սիրիայի քաղաքացի: Նա մեղադրվում էր շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:
Գործով տուժողը՝ Հուման Մանուչեռ Սաֆֆառի Անառակը, դատարանում չէր, նա ընդհանրապես Հայաստանում չէ ու ազգությամբ էլ, ըստ պաշտպանական կողմի, պարսիկ է կամ արաբ: Տուժողի անվան վերջին բաղադրիչը հայերեն չէ, պարզապես համանուն է հայերեն մի բառի, որի իմաստը տվյալ դեպքում տուժողի անվան հետ կապ չունի:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Հակոբն իր մոտ է կանչել Հուման Անառակին, վերջինիս կամքի վրա ճնշում է գործադրել ու նրա գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ իր մոտ գտնվող ատրճանակի նմանվող առարկան պահել է նրա գլխի ուղղությամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ներկայացրել է գույքային պահանջ ու… հեռացել է:
Ճիշտ է, տուժող Անառակը չի նշել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հիշյալ դեպքը: Նա մտաբերել է միայն, որ ամբաստանյալ Հակոբը այս արարքը կատարել է Սիրիա մեկնելուց երկու օր առաջ:
Բացի այդ, Հակոբը տուժող Անառակին կոնկրետ գումարային պահանջ չի ներկայացրել, տուժողը կոնկրետ գումարի չափի մասին ոչինչ չի հայտնել:
Չնայած ամբաստանյալին մեղսագրված արարքը ժամանակի ու չափի առումով որոշակի վերացականություն ունի, բայց Հակոբ Սախ Բազարյանի խափանման միջոցը կալանավորումն էր, նա կալանքի տակ էր 2015 թվականի ապրիլի 16-ից:
Հակոբ Սախ Բազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, որ տուժող Անառակի նկատմամբ ինքը շորթում չի կատարել, նրան սպառնալիքներ չի տվել: Բայց նրան հանդիպել է մի միջավայրում, որտեղ այդ Սաֆֆառի Անառակը գլուխ է գովել, թե ինքը զվարճացել է հայ կանանց հետ:
Հակոբն էլ, իր ասելով, որպես հայ տղամարդ՝ վիրավորվել ու մեկ անգամ ապտակել է տուժողին: Վերջինս, հնարավոր է, ցանկացել է վրեժխնդիր լինել Հակոբից ու նրան մեղադրել է…
Դատարանն ունկնդրեց կողմերի վիճաբանությունները:
Իր մեղադրական ճառում դատախազը հաստատված գնահատեց Հակոբ Սախ Բազարյանի մեղքը Սաֆֆառի Անառակի նկատմամբ շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և միջնորդեց նրան դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Հակոբ Սախ Բազարյանի շահերի պաշտպանն իր բողոքում շեշտը դրեց տուժողի հաղորդման անորոշության վրա՝ հանցավոր արարքի կատարման ժամանակի, շորթված գումարի չափի առումով: Պաշտպանն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ գործը դատարան մուտք լինելուց հետո տուժող Անառակը գրավոր դիմել է դատարանին ու հայտնել է, թե Հակոբ Սախ Բազարյանն իր նկատմամբ որևէ հանցավոր արարք չի կատարել, իրենից գումար չի շորթել: Տուժողը խնդրել է Բազարյանին չպատժել:
Ինքը՝ տուժողը, այդպես էլ Հայաստան չի եկել, դատարան չի ներկայացել:
Պաշտպանը, ի տարբերություն մեղադրող դատախազի, այն կարծիքին էր, որ իր պաշտպանյալի մեղքը բոլորովին ապացուցված չէ, գործով ոչ մի կոնկրետ ապացույց ձեռք չի բերվել: Պաշտպանը միջնորդեց արդարացման դատավճիռ կայացնել:
Ամբաստանյալը միացավ իր պաշտպանի ճառին: Նա ասաց նաև, թե վերջին խոսք էլ չունի ասելու:
Ընդհանուր իրավասության դատարանը Հակոբ Սախ Բազարյանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի՝ շորթում կատարելու համար, դատապարտեց 800 հազար դրամ տուգանքի: Քանի որ ամբաստանյալը մի քանի ամիս գտնվել էր անազատության մեջ, դատարանը նվազեցրեց նրա պատիժը ու վերջնական պատիժ սահմանեց 600 հազար դրամ տուգանք:
Հակոբ Սախ Բազարյանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում:
Բազարյանի հարազատները ծափահարություններով ողջունեցին դատավճռի հրապարակումը և Հակոբի ազատ արձակումը կալանքից:
Իսկ պաշտպանն ասաց, որ արդարացման առումով ամենայն հավանականությամբ վերաքննիչ բողոք կբերեն: