Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև


18:39 , 30 հուլիս, 2015

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այցելել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան:

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը և Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2014 թվականից մեկնարկած համագործակցության ծրագրի շարունակության վերաբերյալ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գևորգյանի միջև ձեռքբերված փոխշահավետ համաձայնության համատեքստում վարչական շրջանի և Ստեփանակերտի համագործակցության հետագա ծրագրերում ներառվել են Նորք-Մարաշի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև փորձի փոխանակումը և համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական ապահովության ոլորտներում: Փոխադարձ պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև օգոստոսին կազմակերպել Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակության այցը Ստեփանակերտ: