Ամոթ այդպիսի հայ ընտանիքներին


14:07 , 30 հուլիս, 2015

Երեկ մտա խանութ: Մի գեղեցիկ, սև ծամերով աղջնակ էր կանգնած առջևումս: Նա ռուսերեն էր խնդրում իր ցանկացածը, ես պատասխանեցի հայերեն, սակայն նա իր ռուսերենով՝ ի՞նչ, ի՞նչ...
Այդպես էլ չհասկացավ այդ փոքր կենցաղային հայերենը: Ցավալին այն է, որ Ռուսաստանից եկած մեր շատ (լավ՝ որոշ), հայրենակիցների զավակները կա՛մ չեն տիրապետում, կա՛մ էլ կցկտուր հայերենի մի քանի բառով են ընդամենը արտահայտվում: Նրանց ծնողների հետ խոսելիս կոգևորվեն կամ ոգևորվում են մեր անցյալով. Մաշտոցը, Վարդանը, Ավարայրի դաշտը, Անդրանիկը, Արարատը, Անին, մեր ծննդավայրը...
Այս տեսակ «ազգասերը» սիրում է ազգը նրան կողոպտելու համար, ծծում արյունը, ինչպես վամպիրը: Ախ ու վախը նրանց բերաններից անպակաս չեն, ազգի այսօրվա մասին խոսելիս անգամ կարցունքոտվեն աչքերը: Եթե հարցնես «ազգասերից»՝ ինչո՞ւ ՀԱՅԵՐԵՆ չեն խոսում զավակներդ.
- Մայրերն ու աղախիներն են մեղավոր... Մենք էլ ժամանակ չունենք նրանցով զբաղվելու...
Երբ հարցնում ես նրանց տեսակին՝ գոնե մի օր կվերադառնա՞ք հայրենիք.
-Եթե երկիրը կարգավորվի, եթե անցնենք թոշակի...
Վերջապես, ՀԱՅԱՍՏԱՆԸ գերեզմանոց չէ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ձեր նմաններինը չէ, ՀԱՅԱՍՏԱՆԸ յուրաքանչյուր հայինն է, նրա երկիրն է, հողն է, սրբությունն է, զավակն է, ԱՊԱԳԱՆ է...