Խոսում էին, թե ԿԱՐԱԲԱԼԼԱՆ պատանի ժամանակ մի մեծ սեր է ունեցել


12:31 , 20 դեկտեմբեր, 2011

Խոսում էին, թե ԿԱՐԱԲԱԼԼԱՆ պատանի ժամանակ մի մեծ սեր է ունեցել, բայց երբ փորձել է նրան խոստովանել իր զգացմունքները, հպարտ աղջիկը ծաղրել է Կարաբալային, ծիծաղել է նրա վրա ու հեռացել: Դրանից հետո ծաղկավաճառն այլևս ոչ մի կնոջ չի սիրել` սրտում պահելով մերժումի ցավն ու անպատասխան սերը:Իհարկե, միակ ու վերջին սիրո պատմությունը այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ամբողջ Երևանը գիտեր, թե Կարաբալան ինչպես էր հրապուրված հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանով: Այդ գեղեցիկ կինը, որ շատերի սրտերն էր գրավել, Կարաբալայի կուռքն էր ու նաև նրա մեծ դժբախտության պատճառը: Ամեն առավոտ Աստաֆյան փողոցով Արուսն աշխատանքի էր գնում և յուրաքանչյուր անգամ վարդերի գեղեցիկ փունջ էր ստանում իր երկրպագուից: Կարաբալան նրա մասին նույնիսկ մի երգ էր հորինել` <Ով սիրուն, սիրուն, փայլուն Արուսյակ…>: Իսկ երբ գինովցած էր լինում, բաժակակից ընկերների առաջ բացում էր սրտի գաղտնիքը. < Ինձ Կարաբալա մի ասեք, ինձ ասեք Դարդոտ Բալա…>:Ու մի օր պատահեց անուղղելին: Դա 1926 թվականին էր: Տեսնելով, որ մի թուրք տղա անընդհատ հետապնդում է Արուս Ոսկանյանին` խանդից կուրացած ծաղկավաճառը փորձեց նրան դաս տալ: Բայց թուրքն ինքը գրպանից դուրս բերեց դանակն ու հարձակվեց իրեն զգուշացնողի վրա: Այդ ժամանակ ճարպիկ Կարաբալան ոչ միայն խույս է տալիս նրանից, այլև արդյունքում ինքն է դանակահարում հարձակվողին: Նրան ձերբակալեցին ու տարան Երևանի Ուղղիչ տունը: Հենց նույն օրերին էլ Ուղղիչ տան բնակիչ դարձավ նաև բանաստեղծ Եղիշե Չարենցը, ով զարմանալի զուգադիպությամբ նույնպես ճաղերի ետևում էր հայտնվել անպատասխան սիրո պատճառով: Այդ ամիսների հիշատակ-վավերագիրը Չարենցի գիրքն է: <… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…>,- հետագայում պիտի գրեր Չարենցն իր նշանավոր <Երևանի Ուղղիչ տնից> հուշագրության մեջ: Բայց բանտը նաև երկուսի անդավաճան բարեկամության սկիզբը դարձավ: Լեգենդն ասում է, թե Չարենցի կնոջ` Արփենիկի ու Արուս Ոսկանյանի մահից հետո նրանց գերեզմանին ամեն օր կարմիր վարդեր էին դրված լինում, իսկ քաղաքում նման ծաղիկներ միայն մի մարդ ուներ…